Չինաստանը կոչ է արել չքաղաքականացնել կորոնավիրուսի համավարակը և այն չօգտագործել ՉԺՀ-ին <<սևացնելու և խայտառակելու>> համար
Չինաստանը վճռականորեն դեմ է կորոնավիրուսի համավարակը քաղաքականացնելու, վիրուսի ծագման հարցում մեղավորներ փնտրելու, ՉԺՀ-ին սևացնելու և խայտառակելու որոշ երկրների փորձերին: Այս մասին ասված է Մեծ Բրիտանիայում Չինաստանի դեսպանատան տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք հույս ունենք`աշխարհի երկրներն արդար, օբյեկտիվ և պատասխանատու դիրքորոշում կորդեգրեն, կոնկրետ գործողություններ կձեռնարկեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) աշխատանքին աջակցելու համար և պատշաճ ներդրում կունենան համավարակի դեմ պայքարում միջազգային համագործակցության մեջ»,- նշվում Է փաստաթղթում:
Ինչպես նշում է դեսպանատունը, COVID-19-ի բռնկման պահից ի վեր Չինաստանը բաց և թափանցիկ կերպով սերտ կապեր և համագործակցություն է պահպանում ԱՀԿ-ի հետ:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ կորոնավիրուսի ծագման ուսումնասիրությունը բարդ գիտական խնդիր է և պետք է իրականացվի ամբողջ աշխարհի գիտնականների համատեղ ջանքերով:
«Մենք չպետք է թույլ տանք, որ քաղաքականությունը վեր դասվի գիտությունից կամ գիտական հետազոտությանը փոխարինեն անհիմն ենթադրությունները և կանխամտածված խեղաթյուրումները»,- նշվում է դեսպանատան հայտարարության մեջ:
