Թուրքիան մեր դարավոր թշնամին է, ինչպե՞ս կարող ենք համակարպվել այդ մտքի հետ, թե սահմանների բացումը մեր համար տնտեսական զարգացման լայն հեռանկար կարող է լինել. Էդիկ Մինասյան
Ներկայումս Թուրքիայի հետ սահմանների բացումը հեռանկարային չէ, քանի որ պատերազմը նոր է ավարտվել, իսկ Թուրքիայի իր անմիջական միջամտությամբ Ադրբեջանը հասավ մեր Արցախի զգալի տարածքների կորստին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը:
«Թուրքիան ծավալապաշտական խնդիրներ ունի լուծելու, նա կարող է սահմանների բացման առիթն օգտագործել և իր խնդիրները լուծել, երբեք չպետք է մտածել, որ Թուրքիան մեր հետ հարաբերություններում կարող է անկեղծ լինել և մտածել Հայաստանի տնտեսության զարգացման մասին, այս միամիտ պատկերացումները պետք է մարդկանց միջից հեռանան, այս վերջին պատերազմը դա ապացուցեց:
Նա մեր դարավոր թշնամին է, ինչպե՞ս կարող ենք համակարպվել այդ մտքի հետ, թե սահմաններ բացումը մեր համար տնտեսական զարգացման լայն հեռանկար կարող է լինել»,- ընդգծեց նա:
Մինասյանի խոսքով՝ սահմանների բացումը կարող է նոր վտանգ առաջացնել՝ թուրքերը ներթափանցեն Հայաստան, բնակարան գնեն և հաստատվեն, քանակական աճով գերազանցեն հայերին: «Իհարկե, Թուրքիայի հետ տնտեսական կապերը զարգացնելը վատ չէ, բայց Մեղրու միջանցքը տրամադրելը Թուրքիայի շահերից է բխում, որովհետև այդպես Ադրբեջանը և Թուրքիան Նախիջևանով միանում են իրար և դրանով պանթուրանական ձգտումներ են դրսևորվում, ինչպես որ դրսևորվեց Սիրիայում, Լիբիայում, Իրաքում, ինչը տեսանք նաև Արցախում: Դեռևս 1990-ականների, երբ գնացքները անցնում էին Ադրբեջանի տարածքով, նրանք քարերով վնասում էին, իսկ պատերազմից հետո նրանց հետ մեր հարաբերությունները չեն կարող բարեկամական ընթանալ»:
Դիտարկմանը, թե ՀՀ արտգործնախարարը նշեց, որ Թուրքիայի հետ սահմանների փակվելը պայմանավորված էր Արցախի ստատուս քվոյի հետ, որն փոխվել է ուժի կիրառման միջոցով, պատմաբանն ընդգծեց, որ դեռ 1990-ական թվականներից Թուրքիան Հայաստանի համար պայման է դրել՝ ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարում և Արցախի 7 շրջանների հանձնում. «Հավանաբար այդ պատճառով է նախարարը ասել, որ ստատուս քվոն փոխվել է, բայց մոռացել է, որ Արցախը այսօր որևէ կարգավիճակ չունի: Շուշին մոտ է Ստեփանակերտին և այսօր անվտանգությունն ապահովվում է ռուսական զորքը, բայց քանի՞ տարի այն ապահովված կլինի՝ 5 տարի, 10 տարի, այնպես որ, քանի դեռ Թուրքիայի պահանջը չես կատարում, նա շարունակելու է իր պահանջները դնել և դարձնել օրակարգի հարց»:
Անդրադառնալով Սյունիքի հատվածում որոշ տարածքներ զիջելուն՝ Մինասյանն ասաց՝ պետք է այդ տարածքների վերաբերյալ լուրջ բանակցություններ տարվեն, չթողնեն տեղի համայնքների ղեկավարների կամ բնակիչների վրա, քանի որ ադրբեջանիցները զինված մտնում, բանակցում ու իրենց հարցերը լուծում են, իսկ այդ հարցը պետք է պետական մակարդակով լուծվի և կտրուկ միջոցներ ձեռնարկվեն. «Խորհրդային պետությունների պատմության մեջ այդ սահմանները եղել են ներքին սահմաններ, ընդգծված հատուկ սահմաններ չեն և եթե 1920 թվականի քարտեզն ենք վերցնում, Տիգրանաշենը նույնիսկ Կարսի պայմանագրով ամրագրված է Հայաստանին»:
Մինասյանն ընդգծեց՝ Սյունիքում GPS-ով սահման որոշել և ասել, որ ադրբեջանիցներն են բնակվել, պետք է վերադարձնենք, սխալ մոտեցում է, քանի որ այդ տարածքներում արոտավայրեր են եղել և համատեղ նրանք օգտագործել են. «Ասում են, որ այդ տարածքներում ադրբեջանիցներ են բնակվել և պետք է գան, վերաբնակվեն, եթե այդպես է, Բաքուն էլ 250 հազար հայ բնակիչ ուներ, հիմա կարող ենք ասել՝ Բաքուն հայկական է, կամ ասել Շուշին ադրբեջանական է: Այստեղ մեկնաբանման խնդիր կա, մենք պետք է պայքարենք և թույլ չտանք, որ նրանք ամեն տարածք վերցնեն»
