Առողջական ինչ խնդիրներով կարող է պայմանավորված լինել հաճախամիզությունը

Մարդու օրգանիզմն օրական սովորաբար մոտ 1,5 լիտր մեզ է արտադրում, իսկ միզարձակությունը տեղի է ունենում յուրաքանչյուր 4-6 ժամը մեկ: Սովորաբար միզելու ցանկություն է առաջանում այն ժամանակ, երբ միզապարկը կիսով չափ լիքն է լինում, իսկ այս օրգանի տարողությունը 250-500 մլ է: Կանանց մոտ այն ավելի փոքր է լինում, քան տղամարդկանց մոտ, ուստի միզելու ցանկություն կանայք ավելի հաճախ են ունենում, սակայն այնուամենայնիվ միզազատությունը չպետք է չափազանց հաճախ տեղի ունենա, քանի որ հաճախամիզությունը սովորաբար պայմանավորված է լինում առողջական որոշակի խնդիրներով, որոնք չի կարելի անտեսել:

Հաճախ միզելու ցանկության հիմնական պատճառները

Սովորականից հաճախ միզելու ցանկությունն առաջին հերթին կապված է օգտագործվող հեղուկի քանակությամբ, ուստի նման խնդրի դեպքում առաջնահերթ հարկավոր է ուշադրություն դարձնել օգտագործվող հեղուկի քանակությանն ու անհրաժեշտության դեպքում նվազեցնել այն, սակայն հաճախամիզության պատճառ կարող են հանդիսանալ նաև առողջական որոշակի խնդիրները, որոնք հանգեցնում են միզապարկի նյարդերի գրգռման: Այդ դեպքում գլխուղեղը սխալ տեղեկություն է ստանում օրգանի լցվածության աստիճանի մասին, ինչի հետևանքով երբեմն միզելու ցանկություն է առաջանում անգամ մեզի չնչին քանակության դեպքում: Ընդ որում՝ նման դեպքերում միզելու ցանկությունը կարող է նույնիսկ այնքան ուժգին լինել, որ մարդը կարող է բախվել անգամ անմիզապահության խնդրին:

Հաճախամիզության պատճառները կարող են տարբեր լինել, սակայն մասնագետները դրանք պայմանականորեն բաժանում են երեք մեծ խմբի՝ ցավոտ զգացողություններով ուղեկցվող հաճախամիզություն, անցավ հաճախամիզություն և այլ պատճառներով պայմանավորված հաճախամիզություն:

Ցավոտ զգացողություններով ուղեկցվող հաճախամիզությունը կարող է պայմանավորված լինել.

  • ցիստիտով (օրինակ՝ բակտերիալ վարակներով պայմանավորված ցիստիտով), որին բնորոշ են ցավով ու այրոցով ուղեկցվող միզարձակումը,
  • երիկամների ու կոնքի բորբոքումներով, որոնք հաճախ ուղեկցվում են մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ, ինքնազգացողության վատթարացմամբ, ինչպես նաև կողային հատվածի ու մեջքի ցավերով,
  • շագանակագեղձի բորբոքումով, որի դեպքում նույնպես կարող է նկատվել բարձր ջերմություն ու մշտական ճնշման զգացում:Հաճախամիզությունը, որը չի ուղեկցվում ցավոտ զգացողություններով, կարող է պայմանավորված լինել առողջական այնպիսի խնդիրներով, ինչպիսին են.
    • շագանակագեղձի մեծացումը, որի դեպքում նկատվում է նաև մեզի հոսքի թուլացում ու միզապարկի ոչ լիարժեք դատարկում,
    • գլոմերուլոնեֆրիտը կամ երիկամների բջիջների բորբոքումը, որի դեպքում մեզի մեջ կարող են արյան հետքեր նկատվել,
    • շաքարային դիաբետը, որի ժամանակ հաճախամիզության հետ մեկտեղ նկատվում է նաև արտասովոր անհագ ծարավ:

    Հաճախակի միզելու ցանկության այլ պատճառների շարքին կարող են դասվել արգանդի արտանկումը, կոնքի հատակի մկանների թուլացումը, հղիությունը, սրտային անբավարարությունը, անմիզապահությունն ու միզապարկի քաղցկեղը:

    Գիշերային հաճախամիզություն

    Չի կարելի անուշադրության մատնել նաև գիշերային հաճախամիզությունը կամ գիշերամիզությունը, քանի որ այն նույնպես կարող է վտանգավոր խանգարումների մասին հուշող ախտանշան լինել: Համարվում է, որ միզապարկն ունակ է պահել մեզն ամբողջ գիշեր ու չխանգարել մարդու քունը, սակայն որոշ դեպքերում մարդիկ գիշերվա ընթացքում կարող են մի քանի անգամ արթնանալ միզապարկը դատարկելու ցանկության պատճառով: Գիշերվա ընթացքում երկու անգամ կամ ավելի միզելը բավական լուրջ ախտանշան է, որը հուշում է առողջական խնդիրների մասին, ուստի այն ոչ մի դեպքում չի կարելի անտեսել: Նման դեպքերում հարկավոր է անպայման դիմել բժշկին ու պարզել խնդրի պատճառը, քանի որ այն կարող է պայմանավորված լինել շագանակագեղձի մեծացմամբ, հորմոնալ խանգարումներով, շաքարային դիաբետով, սրտի հիվանդություններով ու մի շարք այլ վտանգավոր ախտաբանություններով, որոնք անտեսելը կարող է ճակատագրական լինել:

    Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )