Բելառուսում նավթի երկու նոր հանքավայր է հայտնաբերվել
Բելառուսի Գոմելի մարզում նավթի երկու նոր հանքավայր է հայտնաբերվել, հայտնում է belta.by կայքը՝ հղում տալով «Բելառուսնավթ» ընկերության գլխավոր տնօրենի երկրաբանության գծով տեղակալ Պյոտր Պովժիկին։
Աղբյուրը մանրամասնում է, որ Իզբինսկոյե և Սեվերո-Օմելկովշչինսկոյե հանքավայրերը գտնվում են Պրիպյատի կորության Կենտրոնական կառուցվածքային գոում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ այստեղ ավելի քան 2,5 միլիոն տոննա նավթի պաշար կա։
Հետազոտությունների համաձայն՝ երկու հանքավայրերում էլ նավթը ծծմբի նվազ պարունակություն ունի։
Ընկերությունից մանրամասնել են, որ արդեն երկու տարի է՝ այս տարածքում կենտրոնացված աշխատանքներ են իրականացվում հանքավայրերի հայտնաբերման ուղղությամբ։ Ավելի վաղ՝ 2020 թվականին, այստեղ արդեն Գարցևսկոյե հանքավայրի հարավային բլոկն են բացել։
Ընդհանուր առմամբ, Բելառուսում 79 հանքավայր է հայտնաբերված, որոնցից 61-ը մշակման փուլում են գտնվում։
