Ասում են՝ բռի կերպով, տղայիս քարշ տալով տարել են. Կապանում ձերբակալված Խորեն Միրզոյանի մայր

Երեկ ամբողջ օրը ոստիկանությունում ենք եղել, ոստիկանները ոչ մի բան չեն ասում, ասում են՝ Երևանում կքննեն, Երևանում կպարզեն, եթե արդար լինի, դուրս կգա: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Կապանում բերման ենթարկված Խորեն Միրզոյանի մայրը՝ Անուշ Ոսկանյանը:

Հիշեցնենք, որ երեկ առավոտյան մի քանի քաջարանցի երիտասարդներ բերման են ենթարկվել։ Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ 4 երիտասարդները ձերբակալվել են թմրամիջոց օգտագործած մեկի ցուցմունքով։ Նրանցից մեկին՝ Նվեր Խաչատրյանին, ազատ են արձակել, քանի որ սխալմամբ էին բերման ենթակել։ Ձերբակալվածներից երկուսին՝ Խորեն Միրզոյանին և Լևոն Համբարձումյանին, տեղափոխել են Երևան:
«Տղայիս առավոտ ժամը 4-ին զանգել են, ինքը տանից դուրս է եկել, իր գործն այնպես է, որ պատահում է, որ շուտ է դուրս գալիս, պատահում է՝ ուշ, իմացա՝ գործի է գնում: Չգիտեմ՝ ով է զանգել, հետո իմացանք, որ տարել են Ոստիկանություն, բռնել են: Դուրս գալուց հետո տուն չի վերադարձել, երկու ոստիկան եկան, ասացին՝ Խորենն ուր է, ասացի՝ տանը չի: Ընկերների, ում հետ որ բերման է ենթարկվել, ծնողներն են զանգել ասել, որ բերման են ենթարկել»,-պատմեց նա:

Կնոջ ներկայացմամբ՝ քրեական գործ է հարուցվել, ըստ որի՝ իբրև իր տղան և ընկերները ծեծել են այլ տղայի, և տղաների դեմ բողոքն ուղարկվել է Երևան: Ըստ նրա՝ տղաների դեմ բողոքը թմրամոլ տղա է գրել, որին չեն ճանաչում: «Չգիտեմ՝ ինչն է եղել խնդիրը, երևի ուզում են քաղաքապետին հանեն կամ նման մի բան: Ինքը «Աժդանակի»-ի կոոպերատիվի պետն էր, հնարավոր է, որ դա կապ ուներ այս ամենի հետ»:
«Ինքը ոչ մի բան անել չէր կարող, ակուրատնի տղա է, խուլիգան չէ, իր աշխատանքն ունի, հալալ քրտինքով աշխատում է, բոլորն էլ գիտեն: Նա ընդհանրապես ոստիկանների հետ կապ չի ունեցել, սա առաջին անգամն է, որ Ոստիկանությունում է հայտնվել: Տեսնողներն ասում են, որ բռի կերպով քաշել, տարել են, հանցագործի հետ էլ այդպես չեն վերաբերվում: Տասը ոստիկանական ավտոբուս էր եկել, ոնց որ մարդ է սպանել»,-ասաց նա և հավելեց, որ տղայի հետ խոսել չի կարողացել:
«Տղայիս հետ չեմ խոսել, հեռախոս չեն թողնում: Երեկ մի պահ տեսա ոստիկանների մոտ, չկարողացա խոսել»,-ներկայացրեց մայրը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )