ԱՄՆ-ում ռեստորանը, հետևելով սոցիալական հեռավորության կանոններին, որոշել է դատարկ աթոռները գեղեցիկ մանեկեններով զբաղեցնել

ԱՄՆ Վիրջինիա նահանգում գտնվող The Inn at Little Washington անվանումով ռեստորանը կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանված կարանտինային ռեժիմի թուլացման արդյունքում վերաբացվելուց հետո պետք է քիչ թվով այցելուներ ընդունի, ուստի տնօրենը որոշել է դատարկ աթոռները գեղեցիկ մանեկեններով լրացնել, հայտնում է The Guardian պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ ռեստորանի տնօրինությունը, հասկանալով, որ սոցիալական հեռավորության կանոնները պահելու համար իրարից հեռու նստած հաճախորդները կարող են իրենց միայնակ զգալ, որոշել է նման ստեղծարար քայլի դիմել։
«Երբ պետք է սոցիալական հեռավորության ու սահմանափակ թվով այցելուներ ընդունելու խնդիրը լուծեինք, հասկացանք, որ դատարկ աթոռները կարող ենք մանեկեններով զբաղեցնել»,- նշել է ռեստորանի սեփականատերը և հավելել, որ միշտ է սիրել նման «տիկնիկներ», քանի որ դրանք երբեք չեն բողոքում։

Նշվում է, որ ռեստորանի աշխատակիցները ծրագրում են մանեկեններին իրական հյուրերի պես սպասարկել․ ռեստորանի ինսթագրամյան էջում հրապարակված լուսանկարում կարելի է տեսնել իրար նայող ու գեղեցիկ հագնված տղամարդու և կնոջ, որոնց սեղանին գինով լի բաժակներ կան։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )