<<Ապօրինի գույքի բռնագանձման մասին>>օրենքի կիրառումից հետո վտանգ կա, որ խոշոր կապիտալը կվերածվի սովորական կուտակման միջոցի և փողի տեսքով կարտահոսի երկրից. տնտեսագետ
Տնտեսագետ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Գագիկ Վարդանյանը կարծում է, որ «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը կիրառության տեսանկյունից մի քանի խնդիրներ կարող են առաջանալ գործարար միջավայրում, ներդրումների, կապիտալի արտահոսքի հետ կապված: Tert.am-ի հետ զրույցում տնտեսագետն ասաց, որ Հայաստանում տեղի է ունեցել կապիտալի նախասկզբնական կուտակում՝ դրան բնորոշ բոլոր կողմերով հանդերձ:
«Բնականաբար, վտանգ զգալու դեպքում կուտակված կապիտալը դուրս կբերվի շրջապտույտից ու կվերածվի սովորական կուտակման միջոցի՝ փողի տեսքով, կամ կապիտալը կարտահոսի երկրից: Դա կլինի ոչ թե ամբողջ գործարար միջավայրի արձագանքը, այլ հատկապես խոշոր կապիտալի ներկայացուցիչներինը, թեպետ հնարավոր են նաև անկանխատեսելի այլ դրսևորումներ»,-նշեց նա:
-Պարոն Վարդանյան, «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը կիրառության տեսանկյունից ի՞նչ խնդիրներ կարող են առաջացնել, արդյոք կառաջանա՞ սեփականության իրավունքի խախտման ռիսկ:
-Նախ, նշեմ, որ այդ գաղափարը նոր չէ. խորհրդային տարիներին տարբեր կերպ դա կիրառելու փորձեր են արվել: Օրինակ, 1986թ. ԽՍՀՄ Գերագույն խորհուրդն ընդունեց որոշում անաշխատ եկամուտների դեմ պայքարն ուժեղացնելու մասին: Նույնիսկ մի զավեշտալի դեպքի ականատես եղա: Գյումուշի հիդրոէլեկտրակայանի մոտակայքում այգեգործական տարածքների (600 քմ) վրա տեղադրված մի քանի տների ցինկապատ տանիքները, քողարկելու նպատակով, սեփականատերերը ներկեցին. ցինկապատ տանիքը այն ժամանակ շռայլություն էր համարվում: Հակաալկոհոլային արշավի հետ միասին, անաշխատ եկամուտների դեմ պայքարը դարձավ երկրում «պերեստոյկայի» վառ նախանշանը: Սակայն այդ միջոցառումներն անավարտ մնացին…
Այդպիսի նախաձեռնության վերաբերյալ առաջարկություն քննարկվել է նաև 1998թ., երբ Ազգային ժողովում ձևավորվեց «Երկրապահ» խմբակցությունը: Այն ժամանակ դա մերժվեց: Վազգեն Սարգսյանի նման մարդը չգնաց այդ քայլին:
Այնպես չէ, որ օլիգարխիան կա առևտրաարդյունաբերական, ֆինանսաարդյունաբերական խմբերը լավ բան են: Բայց դրանք «կապիտալիստական» տեսակի վարդի փշերն են, այդ տնտեսակարգի մշտական ուղեկիցները:
Ներկայում այդպիսի գոյություն ունի տարբեր, այդ թվում զարգացած, երկրներում: Բայց դրանք կայացած երկրներ՝ ուժեղ ինստիտուցիոնալ համակարգերով: Դժվար է կանխատեսել, թե ինչ հետևանքներ կունենա Հայաստանում, որտեղ դեռևս ոչ բոլոր պետական ինստիտուտներն են արդյունավետ գործում:
Կարելի է մի փոքր պատմական էքսկուրս անել: Ի՞նչ ճակատագիր կունենար սկիզբ առնող կապիտալիզմը, ասենք, օրինակ, եթե Ֆորդին, Ռոքֆելլերին և այլոց հարցնեին, թե որտեղից առաջին միլիոն դոլարը: Այդոք պե՞տք է վերանայվեին կապիտալի նախասկզբնական կուտակման արդյունքներն Անգլիայում կամ այլ երկրներում: Ասվածը չի ենթադրում, թե օրինախախտները պատասխանատվություն չպետք է կրեն:
Օրենքի կիրառության տեսանկյունից՝ խնդիրները մի քանիսն են: Նախ, իրավասու մարմինների կարողությունները հարկ կլինի բազմապատկել՝ բավական բարձր վարձատրությամբ հանդերձ:
Երկրորդ, այդ գործընթացների մեկնարկով կոգևորվի բնակչության այն հատվածը, որը երբեք ռիսկի չի դիմել, որևէ ինքնուրույն գործունեությամբ չի զբաղվել, բացի այլոց «փողերը հաշվելուց»: Հենց այդ մարդկանց գլուխներում է աղքատությունը բուն դրել, ինչի մասին դիպուկ արտահայտվել է ՀՀ վարչապետը: Նկատի ունենալով Օրենքի գործողության լայն դաշտը՝ կա վտանգ, որ ամբողջ հասարակության ուշադրությունը կկենտրոնանա այդ գործընթացների, այլ ոչ թե կորոնավիրուսի առաջացրած տնտեսական անկման հաղթահարմանն ուղղված Կառավարության միջոցառումների իրագործման վրա:
Մյուս կարևոր խնդիրը կարող է լինել, գործարար հատվածին ուղղված ՀՀ կառավարության միջոցառումների շրջանակում ձևավորվող պետություն – մասնավոր հատված համագործակցության հետագա զարգացման դանդաղելը, ինչը հատկապես մեծ նշանակություն կարող է ունենալ հետանկումային զարգացումների տեսանկյունից:
Ինչ վերաբերում է սեփականության իրավունքի խախտման ռիսկին, ապա կարելի է ասել, որ եթե որևէ նման գործողություն կատարվում է օրենքի հիման վրա, ապա դա չի կարող դիտվել որպես սեփականության իրավունքի խախտում՝ անկախ այն բանից, թե օրենքը որքանով է «արդարացի»:
-Մի շարք տնտեսագետներ նշում են, որ օրենքի կիրառումը բացասական կազդի գործարար և ներդրումային միջավայրի վրա: Դուք ի՞նչ կարծիք ունեք:
– Տնտեսակարգի փոփոխությունը, անցումը կապիտալիստական, ազատական տնտեսության, եղել է Հայաստանի, ինչպես նաև ԽՍՀՄ-ի նախկին հանրապետությունների բնակչության ընտրությունը: Խնդիրը ներկայում հանգում է կուտակված կապիտանի արդյունավետ գործադրելուն, այն երկրի տնտեսության զարգացման հունն ուղղելուն: Ի դեպ, տարբեր երկրներում տարբեր կերպ է տեղի ունեցել կապիտալի նախասկզբնական կուտակումը, բայց հիմնականում դա եղել է բռնի ունեզրկելու եղանակով: Օրինակ, Անգլիայում բռնագրավվել են գյուղացիների հողերը: Ռուսաստանում գյուղացիները հողազրկվել և պրոլետարացվել են 19-րդ դարում, իսկ 20-րդ դարի սկզբին այդ պրոլետարներն իրականացրեցին հոկտեմբերյան հեղափոխությունը: 74 տարի անց պարզվեց, որ դա հեղաշրջում էր և ամեն ինչ կրկին վերադարձավ ի շրջանս յուր:
Հայաստանում գործարանները մասնակի սեփականաշնորհվել են նրանց աշխատողներին, իսկ հողը հանձնվել է մասնավորին՝ գյուղացիական տնտեսություններին: Ներկայում մասնավորեցված գյուղատնտեսական հողերի հարյուրհազարավոր հեկտարներ չեն մշակվում, գործարանների մեծ մասը չի աշխատում (մեծ մասը՝ տեխնոլոգիական խզվածքներում է հայտնվել): Եթե գտնվել են ձեռնարկատերեր, գործարարներ կամ, ինչպես ժողովուրդն է ասում՝ օլիգարխներ, որոնք ինչ-որ բան աշխատեցրել են ու եկամուտներ ստացել, ապա ո՞րն է խնդիրը: Մենք միայն տեսնում ենք հաջողակ գործարարներին ու չգիտենք հարյուրավորներին կամ հազարավորներին, որոնց մոտ բիզնեսը չի ստացվել, որոնց ճակատագրերը խեղվել են:
Բնականաբար, վտանգ զգալու դեպքում կուտակված կապիտալը դուրս կբերվի շրջապտույտից ու կվերածվի սովորական կուտակման միջոցի՝ փողի տեսքով, կամ կապիտալը կարտահոսի երկրից: Դա կլինի ոչ թե ամբողջ գործարար միջավայրի արձագանքը, այլ հատկապես խոշոր կապիտալի ներկայացուցիչներինը, թեպետ հնարավոր են նաև անկանխատեսելի այլ դրսևորումներ: Վերջին տարիներին օտարերկրյա ներդրումները դրսևորել են նվազման միտումներ, որոնք էլ ավելի կուժգնանան գլոբալ փոփոխությունների ազդեցությամբ: Այս պայմաններում ավելի, քան կարևոր ու որոշիչ դեր կարող են խաղալ ներքին ներդրումային ռեսուրսները, որոնց մի մասը կարող է վտանգվել: Մինչդեռ դրանք կարելի էր ուղղել առաքման գլոբալ շղթաների ուժգնացած վերադասավորման գործընթացներում մեր ընկերությունների ներգրավման ակտիվացմանը կամ այդ փոփոխություններից ելնելով՝ նոր, ինովացիոն բիզնեսներ ստեղծելուն:
-Առանց այս օրենքի կիրառմանն էլ եղան պետությանը գործող բիզնեսի գույքի նվիրաբերման դեպքեր, բայց մինչ այս պահը պետությունը դրանք արդյունավետ չի օգտագործում: Այս առումով ի՞նչ կասեք:
-Այնպես չէ, որ, որպես կանոն, պետությունը վատ տնտեսավարող է: Դուք, հավանաբար, նկատի ունեք Ծաղկաձորի «Գոլդեն Փելեսը»: Ներկայում վերջինս ծառայում է առողջապահական կարևոր խնդրի լուծմանը: Այս պարագայում ավելի արժեքավորը ոչ թե գույքն էր, այլ բիզնեսը: Եթե այդ նվիրատվությունը պետք է տեղի ունենար, ապա միայն բիզնեսով հանդերձ, այսինքն՝ առանց գործունեությունը խաթարելու, ինչը լրացուցիչ մշտական եկամուտ կապահովեր պետությանը: Նման օբյեկտների գնորդներին առաջին հերթին հետաքրքրում է բիզնեսը: Պետք է նաև մի բան նկատի ունենալ: Հայաստանը փոքր երկիր է. ամեն մի տեղեկություն արագ է տարածվում: Ուրիշի գույքը «հարմար գնով» ձեռք բերելը մեր արժեհամակարգում գրեթե չի տեղավորվում:
-Արդյոք հնարավոր չէ՞ր ապօրինի գույքի հետ կապված խնդիրները լուծել գործող օրենսդրական կարգավորումներով:
Ես իրավաբան չեմ, բայց որոշ չափով ծանոթ եմ Քրեական օրենսգրքին, որտեղ մի շարք հանցագործություններին վերաբերող դրույթներ կան:
Ի դեպ, «Ոսկե հորթը» հայտնի խորհրդային ֆիլմում Բենդերը գիտեր 300-ից ավելի անարյուն փող աշխատելու մեթոդ, իսկ Շուրան ու Պանիկովսկին՝ մեկական. կողոպուտ կամ գողություն: ՀՀ քրեական օրենսգիրքը պարունակում է այդպիսի հանցագործությունների լայն սպեկտր. ավազակություն (Հոդված 175), կողոպուտ (Հոդված 176), գողություն (Հոդված 177), խարդախություն (Հոդված 178), յուրացնել կամ վատնել (Հոդված 179), շորթում (Հոդված 182) և այլն: Այս հոդվածներով նախատեսված է նաև գույքի բռնագրավում: Թերևս սրանք այն հիմնական հանցագործություններն են, որոնց միջոցով ստացված եկամուտները «լվացվում են» անշարժ գույքի միջոցով:
Այնուամենայնիվ, պետք է նկատի ունենալ մի բան. մինչև օրենքն ընդունելը այն կարելի է քննարկել, նրա վերաբերյալ առարկություններ կամ առաջարկություններ ներկայացնել: Բայց դրա ընդունումից հետո այն պետք է իրագործել: Կյանքը ցույց կտա դրա արդյունավետոթւյունը:
