<<Ապօրինի գույքի բռնագանձման մասին>>օրենքի կիրառումից հետո վտանգ կա, որ խոշոր կապիտալը կվերածվի սովո­րական կուտակման միջոցի և փողի տեսքով կարտահոսի երկրից. տնտեսագետ

Տնտեսագետ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Գագիկ Վարդանյանը կարծում է, որ «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը կիրառության տեսանկյունից մի քանի խնդիրներ կարող են առաջանալ գործարար միջավայրում, ներդրումների, կապիտալի արտահոսքի հետ կապված: Tert.am-ի հետ զրույցում տնտեսագետն ասաց, որ Հայաստանում տեղի է ունեցել կապիտալի նախասկզբնական կուտակում՝ դրան բնորոշ բոլոր կողմերով հանդերձ:

«Բնականաբար, վտանգ զգա­լու դեպքում կուտակված կապիտալը դուրս կբերվի շրջապտույտից ու կվերածվի սովո­րական կուտակման միջոցի՝ փողի տեսքով, կամ կապիտալը կարտահոսի երկրից: Դա կլինի ոչ թե ամբողջ գոր­ծարար մի­ջա­վայրի արձագանքը, այլ հատ­կապես խոշոր կապիտալի ներկայա­ցու­ցիչներինը, թեպետ հնարավոր են նաև անկանխատեսելի այլ դրսևորումներ»,-նշեց նա:

-Պարոն Վարդանյան, «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը կիրառության տեսանկյունից ի՞նչ խնդիրներ կարող են առաջացնել, արդյոք կառաջանա՞ սեփականության իրավունքի խախտման ռիսկ:

-Նախ, նշեմ, որ այդ գաղափարը նոր չէ. խորհրդային տարիներին տարբեր կերպ դա կիրառելու փորձեր են արվել: Օրինակ, 1986թ. ԽՍՀՄ Գերագույն խորհուրդն ընդունեց որոշում անաշխատ եկամուտների դեմ պայքարն ուժե­ղաց­նելու մասին: Նույնիսկ մի զավեշտալի դեպքի ականատես եղա: Գյումուշի հիդրո­էլեկտրակայանի մոտակայքում այգեգործական տարածքների (600 քմ) վրա տե­ղադրված մի քանի տների ցինկապատ տանիքները, քողարկելու նպատակով, սե­փա­կա­նա­տե­րերը ներկեցին. ցինկապատ տանիքը այն ժամանակ շռայլություն էր համարվում: Հակաալկոհոլային արշավի հետ միասին, անաշ­խատ եկա­մուտների դեմ պայքարը դարձավ երկրում «պերեստոյկայի» վառ նա­խանշանը: Սակայն այդ միջո­ցա­ռումներն անավարտ մնացին…

Այդպիսի նախաձեռնության վերա­բեր­յալ առաջարկություն քննարկվել է նաև 1998թ., երբ Ազգային ժողովում ձևա­վոր­վեց «Երկրապահ» խմբակ­ցութ­յունը: Այն ժամանակ դա մերժվեց: Վազգեն Սարգսյանի նման մարդը չգնաց այդ քայլին:

Այնպես չէ, որ օլիգարխիան կա առևտրա­արդյունաբերական, ֆինանսաարդյունաբերական խմբերը լավ բան են: Բայց դրանք «կապիտալիստական» տեսակի վարդի փշերն են, այդ տնտեսակարգի մշտական ուղեկիցները:

Ներկայում այդպիսի գոյություն ունի տարբեր, այդ թվում զար­գա­ցած, երկրնե­րում: Բայց դրանք կայացած երկրներ՝ ուժեղ ինստիտուցիոնալ համակարգերով: Դժվար է կանխատեսել, թե ինչ հետևանքներ կունենա Հայաստանում, որտեղ դեռևս ոչ բոլոր պետական ինստիտուտներն են արդյու­նավետ գործում:

Կարելի է մի փոքր պատմական էքսկուրս անել: Ի՞նչ ճա­կատագիր կունենար սկիզբ առնող կապիտալիզմը, ասենք, օրինակ, եթե Ֆորդին, Ռոքֆելլերին և այլոց հարցնեին, թե որտեղից առաջին միլիոն դոլարը: Այդոք պե՞տք է վերա­նայվեին կապիտալի նախասկզբնական կուտակման արդյունքներն Անգլիայում կամ այլ երկրներում: Ասվածը չի ենթադրում, թե օրինախախտները պատասխա­նատվութ­յուն չպետք է կրեն:

Օրենքի կիրառության տեսանկյունից՝ խնդիրները մի քանիսն են: Նախ, իրա­վասու մարմինների կարողությունները հարկ կլինի բազմապատկել՝ բավական բարձր վարձատրությամբ հանդերձ:

Երկրորդ, այդ գործընթացների մեկնարկով կոգևորվի բնակչության այն հատվածը, որը երբեք ռիսկի չի դիմել, որևէ ինքնուրույն գործունեությամբ չի զբաղ­­վել, բացի այլոց «փողերը հաշ­վե­լուց»: Հենց այդ մարդկանց գլուխներում է աղքա­տությունը բուն դրել, ինչի մասին դիպուկ արտահայտվել է ՀՀ վարչապետը: Նկատի ունենալով Օրենքի գործողության լայն դաշտը՝ կա վտանգ, որ ամբողջ հասարա­կության ուշադրությունը կկենտրոնանա այդ գործընթացների, այլ ոչ թե կորոնավիրուսի առաջացրած տնտեսական անկման հաղթահարմանն ուղղված Կառա­վա­րութ­յան միջոցառումների իրագործման վրա:

Մյուս կարևոր խնդիրը կարող է լինել, գոր­ծարար հատվածին ուղղված ՀՀ կառավարության միջոցառումների շրջանա­կում ձևավորվող պետություն – մասնավոր հատված համա­գործակցության հետագա զար­­­գա­ցման դանդաղելը, ինչը հատկապես մեծ նշանակություն կարող է ունենալ հետանկումային զարգացում­ների տեսանկյունից:

Ինչ վերաբերում է սեփականության իրավունքի խախտման ռիսկին, ապա կարելի է ասել, որ եթե որևէ նման գործողություն կատարվում է օրենքի հիման վրա, ապա դա չի կարող դիտվել որպես սեփա­կանության իրավունքի խախտում՝ անկախ այն բանից, թե օրենքը որքա­նով է «արդարացի»:

-Մի շարք տնտեսագետներ նշում են, որ օրենքի կիրառումը բացասական կազդի գործարար և ներդրումային միջավայրի վրա: Դուք ի՞նչ կարծիք ունեք:

– Տնտեսակարգի փոփոխությունը, անցումը կապիտա­լիստական, ազատական տնտեսության, եղել է Հայաստանի, ինչպես նաև ԽՍՀՄ-ի նախկին հանրա­պետությունների բնակչության ընտրությունը: Խնդիրը ներկայում հանգում է կուտակված կապիտանի արդյունավետ գործադրելուն, այն երկրի տնտեսության զարգացման հունն ուղղելուն: Ի դեպ, տարբեր երկրներում տարբեր կերպ է տեղի ունեցել կապիտալի նախասկզբնական կուտակումը, բայց հիմնականում դա եղել է բռնի ունեզրկելու եղանակով: Օրինակ, Անգլիայում բռնագրավվել են գյուղացիների հողերը: Ռուսաստանում գյուղացիները հողազրկվել և պրոլետարացվել են 19-րդ դարում, իսկ 20-րդ դարի սկզբին այդ պրոլետարներն իրականացրեցին հոկտեմբերյան հեղափոխությունը: 74 տարի անց պարզվեց, որ դա հեղաշրջում էր և ամեն ինչ կրկին վերադարձավ ի շրջանս յուր:

Հայաստանում գործարանները մասնակի սեփականաշնորհվել են նրանց աշխատողներին, իսկ հողը հանձնվել է մասնավորին՝ գյուղացիական տնտեսություններին: Ներկայում մասնավորեցված գյուղատնտեսական հողերի հարյուրհազարավոր հեկտարներ չեն մշակվում, գործարանների մեծ մասը չի աշխատում (մեծ մասը՝ տեխնոլոգիական խզվածքներում է հայտնվել): Եթե գտնվել են ձեռնարկատերեր, գործարարներ կամ, ինչպես ժողովուրդն է ասում՝ օլիգարխներ, որոնք ինչ-որ բան աշխատեցրել են ու եկամուտներ ստացել, ապա ո՞րն է խնդիրը: Մենք միայն տեսնում ենք հաջողակ գործարարներին ու չգիտենք հարյուրավորներին կամ հազարավորներին, որոնց մոտ բիզնեսը չի ստացվել, որոնց ճակատագրերը խեղվել են:

Բնականաբար, վտանգ զգալու դեպքում կուտակված կապիտալը դուրս կբերվի շրջապտույտից ու կվերածվի սովորական կուտակման միջոցի՝ փողի տեսքով, կամ կապիտալը կարտահոսի երկրից: Դա կլինի ոչ թե ամբողջ գործարար միջավայրի արձագանքը, այլ հատկապես խոշոր կապիտալի ներկայացուցիչներինը, թեպետ հնարավոր են նաև անկանխատեսելի այլ դրսևորումներ: Վերջին տարիներին օտարերկրյա ներդրումները դրսևորել են նվազման միտումներ, որոնք էլ ավելի կուժգնանան գլոբալ փոփոխությունների ազդեցությամբ: Այս պայմաններում ավելի, քան կարևոր ու որոշիչ դեր կարող են խաղալ ներքին ներդրումային ռեսուրսները, որոնց մի մասը կարող է վտանգվել: Մինչդեռ դրանք կարելի էր ուղղել առաքման գլոբալ շղթաների ուժգնացած վերադասավորման գործընթացներում մեր ընկերությունների ներգրավման ակտիվացմանը կամ այդ փոփոխություններից ելնելով՝ նոր, ինովացիոն բիզնեսներ ստեղծելուն:

-Առանց այս օրենքի կիրառմանն էլ եղան պետությանը գործող բիզնեսի գույքի նվիրաբերման դեպքեր, բայց մինչ այս պահը պետությունը դրանք արդյունավետ չի օգտագործում: Այս առումով ի՞նչ կասեք:

-Այնպես չէ, որ, որպես կանոն, պետությունը վատ տնտեսավարող է: Դուք, հավանաբար, նկատի ունեք Ծաղկաձորի «Գոլդեն Փելեսը»: Ներկայում վերջինս ծառայում է առողջապահական կարևոր խնդրի լուծմանը: Այս պարագայում ավելի արժեքավորը ոչ թե գույքն էր, այլ բիզնեսը: Եթե այդ նվիրատվությունը պետք է տեղի ունենար, ապա միայն բիզնեսով հանդերձ, այսինքն՝ առանց գործունեությունը խաթարելու, ինչը լրացուցիչ մշտական եկամուտ կապահովեր պետությանը: Նման օբյեկտների գնորդներին առաջին հերթին հետաքրքրում է բիզնեսը: Պետք է նաև մի բան նկատի ունենալ: Հայաստանը փոքր երկիր է. ամեն մի տեղեկություն արագ է տարածվում: Ուրիշի գույքը «հարմար գնով» ձեռք բերելը մեր արժեհամակարգում գրեթե չի տեղավորվում:
-Արդյոք հնարավոր չէ՞ր ապօրինի գույքի հետ կապված խնդիրները լուծել գործող օրենսդրական կարգավորումներով:

Ես իրավաբան չեմ, բայց որոշ չափով ծանոթ եմ Քրեական օրենսգրքին, որտեղ մի շարք հանցագործություններին վերաբերող դրույթներ կան:

Ի դեպ, «Ոսկե հորթը» հայտնի խորհրդային ֆիլմում Բենդերը գիտեր 300-ից ավելի անարյուն փող աշխատելու մեթոդ, իսկ Շուրան ու Պանիկովսկին՝ մեկական. կողոպուտ կամ գողություն: ՀՀ քրեական օրենսգիրքը պարունակում է այդպիսի հանցագործությունների լայն սպեկտր. ավազակություն (Հոդված 175), կողոպուտ (Հոդված 176), գողություն (Հոդված 177), խարդախություն (Հոդված 178), յուրացնել կամ վատնել (Հոդված 179), շորթում (Հոդված 182) և այլն: Այս հոդ­վածներով նախատեսված է նաև գույքի բռնագրավում: Թերևս սրանք այն հիմնա­կան հանցագործություններն են, որոնց միջոցով ստացված եկամուտները «լվացվում են» անշարժ գույքի միջոցով:

Այնուամենայնիվ, պետք է նկատի ունենալ մի բան. մինչև օրենքն ընդունելը այն կարելի է քննարկել, նրա վերաբերյալ առարկություններ կամ առաջարկություններ ներկայացնել: Բայց դրա ընդունումից հետո այն պետք է իրագործել: Կյանքը ցույց կտա դրա արդյունավետոթւյունը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )