Ալիևը ցույց տվեց, որ Ադրբեջանը հակված չէ զսպվածություն ցուցաբերել այս բարդ պահին. փորձագետ

Ադրբեջանի նախագահը հերթական անգամ ցույց տվեց, որ բոլորովին հակված չէ կառուցողականության կամ համագործակցության: Եվ մենք պետք է շատ զգոն լինենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը՝ մեկնաբանելով Նովրուզի կապակցությամբ Ադրբեջանի նախագահի ուղերձը:

«Աշխարհն ու տարածաշրջանն այսօր ճգնաժամային իրավիճակում են, օրակարգային համար մեկ հարցը կորոնավիրուսի դեմ պայքարն է: ԵԱՀԿ-ն դադարեցնում է մշտադիտարկման առաքելությունը կոնֆլիկտի գոտում, համանախագահները կոչ են այդ ֆոնին զսպվածություն ցուցաբերել, վերահաստատել հավատարմությունը հրադադարի ռեժիմին, իսկԱդրբեջանի նախագահը հայտարարում է, որ «Արցախն Ադրբեջան է և բացականչական նշան» ու պնդում, որ ջախջախել է Հայաստանին Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ»,- ասել է Կարապետյանը՝ հավելելով, որ եզրակացությունն այս ամենից միայն մեկը կարող է լինել. «Ադրբեջանը չի առաջնորդվում մարդասիրական արժեքներով և հակված չէ զսպվածություն ցուցաբերել այս բարդ պահին: Ուրեմն, մենք էլ պիտի զգոն լինենք և պատրաստ ցանկացած զարգացման»:

«Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի իշխանությունն այլ կերպ է ընկալում իրականությունը, այլ կերպ է ընկալում Ադրբեջանի ղեկավարին: Նույն Մյունխենի համաժողովի վերաբերյալ երկու կողմերի արձագանքները՝ դրա վկայությունն են»,- նշել է նա:

Աննա Կարապետյանը հիշեցրել է, որ Նիկոլ Փաշինյանն այդ հանդիպումը շրջադարձային է անվանում, իսկ Ալիևը հայտարարում է, որ ջախջախիչ հարված է հասցրել հայկական քարոզչությանը: Փաշինյանը համառորեն շարունակում է պահանջել, որ Ալիևը հայտարարի, թե Արցախյան հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար, իսկ Ալիևն ասում է Արցախն Ադրբեջան է: «Սա ցույց է տալիս, որ Հայաստանի մոտեցումները որևէ կերպ չեն արդարացնում իրենց և էլ ավելի են մեծացնում Ադրբեջանի ախորժակը»,- ընդգծել է նա:

Փորձագետն Ալիևի ուղերձը պատասխան է համարում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչին՝ բացասական պատասխան: Եվ կարծում է, որ հայկական կողմը պիտի ոչ միայն հետևություններ անի այս հայտարարությունից, այլև միջնորդների ու միջազգային հանրության ուշադրությունը հրավիրի այս հանգամանքիվրա՝ նույնիսկ այն պարագայում, երբ աշխարհը լիովին այլ օրակարգով է ապրում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )