Դին Կունցը դեռ տասնամյակներ առաջ է՞ գրել կորոնավիրուսի մասին

Սոցիալական ցանցերում բավական ակտիվ քննարկվում է մի տեսակետ, ըստ որի ամերիկացի գրող Դին Կունցը դեռ 1981 թվականին կանխագուշակել է, որ 2019-20 թթ կորոնավիրուսի բռնկում է լինելու։ Թվիթերում հատկապես, արդեն տասնյակ հազարների հասնող գրառումներ կան, որտեղ հրապարակվում են Կունցի «Խավարի աչքերը» գրքի շապիկն ու այն էջի լուսանկարը, որտեղ իբրեւ թե հեղինակը ներկայացրել է կորոնավիրուսի նկարագրությունը։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Խոսքը գրքի այն էջի մասին է, որտեղ խոսվում է «Ուհան-400» վիրուսի մասին։ Տեքստը, մոտավորապես հետեւյալն է․ «Նրանք այդ նյութն անվանում են «Ուհան -400», քանի որ այն մշակվել է RDNA-ի իրենց լաբորատորիայում, Ուհան քաղաքի սահմաններից դուրս եւ հանդիսացել է 400-րդ կենսունակ շտամմը, նախատեսված մարդու համար, որը ստեղծվել է միկրոօրգանիզմների ստեղծման այդ հետազոտական կենտրոնում»։ Շատերը հրապարակում են նաեւ մեկ այլ հավելյալ էջ նույն գրքից, որտեղ 2020 թվականի համար ներկայացվում է, որ տեղի է ունենալու ծանր թոքաբորբանման հիվանդության բռնկում։ Գրքում Կունցը «Ուհան-400»-ը ներկայացրել է որպես ամենից կարեւոր եւ վտանգավոր նոր կենսաբանական զենքը՝ վերջին տասնամյակների համար, որը մշակվել է Ուհանի սահմաններից դուրս։ Reuters-ը նկատում է, որ Կունցի գիրքը հիմնականում մտացածին է եւ չկա որեւէ ապացույց, որ կորոնավիրուսը ստացվել է լաբորատոր պայմաններում, թեեւ ճիշտ է այն, որ նոր տիպի կորոնավիրուսի բռնկումը տեղի ունեցավ Ուհանում։ Կունցի «Ուհան-400»-ը եւ COVID-19-ը, սակայն խիստ տարբեր են։ Կունցի գրքում, վիրուսը ունի ընդամենը չորս ժամվա ինկուբացիոն շրջան, մինչեւ նոր տիպի կորոնավիրուսի համար ինկուբացիոն շրջանը 1-14 օր է։ Բացի այդ, գրքում նշվում է, որ վիրուսը մահացու է հարյուր տոկոսով, իսկ նոր տիպի կորանավիրուսի դեպքում մահացությունը Ուհանում 2-4 տոկոս է, Ուհանից դուրս՝ 0,7 տոկոս։ Տարբեր է նաեւ սիմպտոմատիկան եւ մյուս բնութագրիչները։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )