Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա երեխան մինչ այժմ այցելու չի ունեցել. Զարուհի Բաթոյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ այցելել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում գտնվող 13-ամյա երեխային, որը ծեծի էր ենթարկվել Գյումրիում: նա շարունակում է պայքարել կյանքի համար, վիճակը ծանր է, բայց կայուն: Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Քիչ առաջ այցելեցի Գյումրիից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված երեխային, որը ընտանեկան բռնության է ենթարկվել, կորցրել է մորը և պայքարում է կյանքի համար: Հերթապահ բժշկի խոսքով՝ երեխայի վիճակը ծանր է, բայց կայուն: Շնչառական սարքեր են միացված, բայց շնչում է ինքնուրույն: Բժշկուհին վստահեցրեց, որ այս պահին որևէ հավելյալ միջոցի կարիք չկա:
Իմ հարցին, թե ունե՞ն արդյոք հոգեբան, հավաստիացրեց, որ ունեն և հենց որ երեխան շոկային վիճակից դուրս գա, կստանա նաև հոգեբանական աջակցություն:
Հիշեցնեմ, որ երեխան նախկինում չի հանդիսացել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ որևէ գիշերօթիկի հաստատության սան, բայց բուժանձնակազմը հաստատեց, որ մինչ այժմ այցելու չի ունեցել:
Նախարարությունը, ինչպես կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մյուս բոլոր երեխաների դեպքում, բոլոր իրավասու կառույցների հետ համագործակցությամբ կապահովի աղջկա խնամքի կազմակերպումը»:
Հիշեցնենք, որ 2020 թվականի մարտի 5-ին «Գյումրու շտապ բուժօգնության կայան» ՓԲ ընկերությունից Գյումրի քաղաքի Մուշի բաժին ահազանգեր են ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկում մահացել է նույն տան 42-ամյա բնակչուհին, իսկ նրա 12-ամյա դուստրը՝ «տրավմատիկ շոկ, գանգուղեղային փակ վնասվածք» ախտորոշմամբ, տեղափոխվել է բուժօգնության:
Դեպքի վայր մեկնած իրավապահները նշված տանը հայտնաբերել են նույն տան 42-ամյա բնակչուհու դին՝ բռնության հետքերով, ինչպես նաև՝ վերջինիս ծանոթ, Գյումրի քաղաքի 28-ամյա բնակչին: Վերջինս առերևույթ հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել և խոստովանել, որ ինքն է ծեծի ենթարկել 42-ամյա կնոջը և նրա անչափահաս դստերը: Նույն օրը հանցագործությունը կատարելու կասկածանքով նա ձերբակալվել է:
