Լիանա Տարասյան․ կատաղի մենամարտիկ եւ համեստ աղջնակ

Դարբնի մուրճը ձեռքին եւ դինամիտը բռունքներում։ Ռինգում նա ագրեսոր է։ Նրա ոճը մշտական պրեսսինգն է ու աշխատանքը թիվ մեկ համարի ներքո։ Լիանա Տարասյանը չի խուսափում մոտ տարածությունից մարտի բռնվել, ավելին ինքն է նման մարտ պարտադրում։ Կուրսկի այս երիտասարդ բնակչուհու անունը մրցակիցների մոտ ահ ու սարսափ է առաջացնում, իսկ ահա յոթ տարի առաջ նա ցանկանում էր հեռանալ սպորտից։ Լիանան խոստովանում է, որ տղաները սկզբում իրեն չեն թույլ տվել մասնակցել մարզումներին, ասել են, որ բռնցքամարտը կանացի սպորտ չէ եւ իրենը չէ, ու ինքը հաճախ է արցունքն աչքերին տուն վերադարձել։ Մայրը խորհուրդ է տվել ամեն դեպքում թողնել բռնցքամարտը, սակայն ինքը չի համաձայնվել եւ ասել է, որ չի հանձնվի ու իր թուլությունը ցույց չի տա։ «Այդ պահին իմ մոտ ի հայտ եկավ կամքի ուժ, որպեսզի ցույց տայի որ չեն կարող ինձ կոտրել»,- պատմում է հայազգի ռուսաստանաբնակ մարզուհին։ Իր ուժեղ բնավորությամբ եւ երկաթբետոնե կամքի ուժով Լիանան ստիպեց, որպեսզի իրեն հարգեն բոլոր տղամարդիկ։ Այժմ մարզուհու ակտիվում կա 32 հաղթանակ 35 մրցելույթից։ Մարզուհին ասում է, որ աղջիկներն էլ կարող են ագրեսիվ տրամադրված լինել, ինչպես տղաները։ «Իհարկե տղաներն էլ ռինգում կարող են ագրեսիա ցուցադրել, սակայն երբ աղջիկներն են դա անում, ուրեմն վերջ, դա վտանգավոր է»։ Մարզումներին հետեւում է Լիանայի մայրը եւ մարզիչը՝ Ռոզա Խաչատրյանը։ Տիկին Խաչատրյանը ասում է, որ երբեմն սիրտը պայթում է մենամարտերին հետեւելիս․ «Ուզում ես դուրս գալ ռինգ, դադարեցնել ու ասել, վերջ հերիք է, պետք է տուն գնալ, բայց ռինգում մայր չես ու չի կարելի»,- խոստովանում է Ռոզա Խաչատրյանը։ Ռինգում Լիանան կատաղի մենամարտիկ է, իսկ ռինգից դուրս համեստ աղջնկակ, ով սիրում է գեղեցիկ զգեստներ ու շոփինգ։ Ի դեպ, նա ամեն մի հանդիսավոր միջոցառման պարտադիր նոր զգեստով է ներկայանում։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )