Սամվել Բաբայանը թեկնածու ունի, բայց բանակցում է Մասիս Մայիլյանի հետ

Արցախում նախընտրական գործընթացները դրամատիկ ընթացք են ստանում։ Թեպետ մի քանի օր առաջ մեկնարկել է Արցախի նախագահի թեկնածուների առաջադրումների փուլը, բայց վերջին օրերին անհավանական զարգացումներ են ընթանում։ Մենք տեղեկացանք, որ երեկ նախագահի թեկնածու, արտգործնախարար Մասիս Մայիլյանը մասնակցել է Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցության համագումարին։ Հավաքը տեղի է ունեցել Շուշի քաղաքում, ու չնայած ավելի վաղ կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ համագումարի օրը կհնչեցնեն իրենց նախագահի թեկնածուի անունը, սակայն սպասված անունն այդպես էլ չի հայտարարվել, կուսակցության առաջնորդն իր ելույթում նշել է, որ բանակցությունները դեռ ավարտված չեն, եւ թեկնածուի անունը հայտարարվելու է առաջիկա հինգ օրերի ընթացքում։
Ի դեպ, հիշեցնենք, որ Բաբայանի համար սահմանադրական արգելք կա, առաջադրման համար անհրաժեշտ 10 տարվա մշտական բնակության պահանջին նա չի համապատասխանում։
Նախօրեին տեղի ունեցած համագումարից հետո թե՛ Բաբայանը, թե՛ Մայիլյանը տեղի լրատվամիջոցների հետ զրույցում չեն թաքցրել, որ իրենց միջեւ բանակցություններ են ընթանում, իսկ Մասիս Մայիլյանն իր ներկայությունը բացատրել է այսպես․ «Հրավիրել են՝ եկել եմ»։ Ըստ տեղեկությունների՝ վերջին օրերին Մայիլյանն ու Բաբայանն ակտիվ հանդիպում-քննարկումների մեջ են, ընդ որում՝ վերջինիս նախաձեռնությամբ։ Չնայած armlur.am-ը երեկ գրել էր, որ այդ հանդիպման ժամանակ խոսակցությունը թելադրել է Բաբայանը եւ անգամ Մայիլյանին ասել, որ ես եմ քեզ նախագահ նշանակելու, քանի որ դու ռեյտինգով չորրորդն ես, ես՝ առաջինը։ Գրված էր նաեւ, որ Մայիլյանն ընտրվելու պարագայում խոստացել է Բաբայանին բարձր իրավասություններով պետնախարար նշանակել։
Ի սկզբանե Արցախի նախագահական ընտրություններին Հայաստանի իշխանությունները 3 նախընտրելի թեկնածու ունեին՝ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, արտգործնախարար Մասիս Մայիլյանը, եւ դեմ չէին նաեւ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին: Սակայն հաշվարկելով այդ երեքի հնարավորությունները՝ իշխանությունները կանգ առան Արայիկ Հարությունյանի վրա, բայցեւայնպես, իրենց «սրտի թեկնածուն» մնում է Մասիս Մայիլյանը, ում շանսերը շատ բարձր չեն գնահատվում, եւ հիմա աշխատանքն ընթանում է այն ուղղությամբ, որ ընտրությունների երկրորդ փուլ լինի, եւ այդ փուլում հայտնվեն Հարությունյանն ու Մայիլյանը։ Այդ պարագայում Մայիլյանի շանսերը կմեծանան, եւ հնարավոր կլինի նրան անցկացնել։
Արայիկ Հարությունյանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունն էլ պայմանավորված է նրանով, որ նա բոլոր ուժերի հետ շփումներ ունի՝ նրան ՀՀ իշխանությունները շատ չեն վստահում։ Իսկ եթե, այնուամենայնիվ, Հարությունյանն ընտրվի, Մասիս Մայիլյանին խոստացել են բարձր պաշտոն՝ ընդհուպ ԱԺ նախագահի։ Բայց քանի որ Մայիլյանը հույս ուներ, որ ՀՀ իշխանությունների աջակցության շնորհիվ Արցախում կոնսենսուսային թեկնածու կդառնա եւ կհաղթի, իրեն «քցված» է զգում եւ վերջին շրջանում քաղաքական դաշտի բոլոր ակտիվ խաղացողների հետ հանդիպումներ է ունենում, առաջարկում միասին մասնակցել։ Մայիլյանն ու Բաբայանը դեռ վերջնական համաձայնության չեն եկել, չնայած երկուսն էլ հասկանում են, որ առանձին-առանձին հաղթելու քիչ հնարավորություն ունեն, բայց անձնական ամբիցիաները գոնե այս փուլում հաղթում են ռեալ պոլիտիկին, ու չի բացառվում կոնսենսուսի մասին հայտարարվի երկրորդ փուլում, եթե լինի երկրորդ փուլ։ Ի դեպ, ՀՀ իշխանությունների նկատմամբ քննադատաբար տրամադրված թեւը, որի թեկնածուն Վիտալի Բալասանյանն է, առանձնապես ակտիվ չէ, քանի որ Ղարաբաղում քարոզչական հմուտ տեխնոլոգիա են կիրառում՝ մարդկանց ներշնչելով, որ «եթե արմատական թեւից լինի Արցախի նախագահը, Հայաստանի հետ չի կարողանա աշխատել՝ ժողովուրդն ու երկիրը կտուժեն»։
Ի դեպ, մենք ճշտեցինք, որ Բաբայանի թիմում արդեն ընտրել են իրենց նախագահի թեկնածուին, նա «Միասնական հայրենիք» կուսակցության անդամ Գագիկ Նազլուխանյանն է, ով ներկայում զբաղեցնում է Ստեփանակերտի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )