2,5-2,7 միլիարդ՝ հանրաքվեի համար
Եթե պարզ հաշվարկ իրականացնենք, ապա պարզ կդառնա, որ քարոզարշավի համար սահմանված է 44 օր ժամկետը։ Ամսի 17-ից կմեկնարկի և կավարտվի քվեարկությունից մեկ օր առաջ,քվեարկության օրը և դրա նախորդ օրը քարոզչություն չի թույլատրվում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, ԿԸՀ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Մուկուչյանը նշեց, որ գրաֆիկը խիստ է, կարճ ժամկետներ ունեն կազմակերպական աշխատանքներ իրականացնելու համար, սակայն արդեն երեկվանից տարածքային ընտրական հանձնաժողովների հետ միասին նախապատրաստական աշխատանքներ են մեկնարկել։
Անդրադառնալով ընտրողների ցուցակների վերաբերյալ հարցին՝ Մուկուչյանը նշեց, որ դրանք հրապարակված են կայքում և յուրաքանչյուրը կարող է ծանոթանալ դրանց ոչ միայն ընտրական գործընթացների ժամանակ, այլ առհասարակ։
«Ցուցակները հրապարակվելու են, դրանք ներբեռնելու հնարավորությամբ տեղադրվելու են, այսինքն՝ ցուցակների նման հրապարակայնության նպատակը հենց այն է, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան ծանոթանալու ընտրական ցուցակներին։ Եթե կան ինչ-ինչ խնդիրներ, բավարար ժամանակ կա, կարող են դիմել»,- ասաց Մուկուչյանը։
Հարցին, թե սոցիալական ցանցերում վերահսկողություն լինելու է քարոզչության հետ կապված, Մուկուչյանը պատասխանեց. «Իհարկե սոցիալական ցանցերի հետ կապված այստեղ խնդիրներ կան, որովհետև կյանքը անընդհատ զարգանում է։ Նախորդ ընտրությունների ժամանակ էլ այս խնդիրի հետ կապված որոշակի անդրադարձեր եղել են։ Յուրաքանչյուր կոնկրետ դեպք պետք է դառնա քննարկման առարկա, այսպես ընդհանրական կանոններ ոչ մեր օրենսդրությամբ, ոչ որևէ օրենսդրությամբ թերևս չեն հանդիպել»։
ԿԸՀ նախագահի խոսքով՝ ընտրությունների կազմակերպման համար մոտավորապես կծախսվի այնքան գումար, որքան նախորդի ժամանակ։
«Հիմա հաշվարկը իրականացվում է, բնական է՝ դեռ պետք է կառավարությանը ներկայացնել, բայց կարծում ենք այն կլինի նույնը, ինչ նախորդի ժամանակ, քանի որ գործառույթների առումով շատ տարբերություն այստեղ չկան։ Եթե չեմ սխալվում 2018թվականի ընտրություններին մոտավորապես ծախսվել էր 2,5, 2,7 միլիարդ դրամ», – նշեց Մուկուչյանը։
Խոսելով տեղամասերի քանակի մասին, Մուկուչյանը նշեց, որ 2018-ին եղել է 2010 տեղեմաս, իսկ նոր ընտրությունների մասով դեռևս հստակություն չկա։
Նա նաև հավելեց, որ արդեն մի քանի օրից մինչեւ վերջին ընտրողի ճշգրտությամբ թիվը կհրապարակվի, թե ընտրության իրավունք ունեցող քանի քաղաքացի կա։
