50-ից ավելի քրեական գործեր ունենք, 4-ը արդեն դատարանում են. Ցոլակյան

Ցավոք սրտի, որպես աշխարհի մի մաս, մենք էլ հրդեհներից անմասն չենք։ Տարբերություն չկա, մեր մոտ էլ նույն տաքացումները, նույն բաները կան։ Այս մասին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
«Անցյալ տարի կլիման չորային էր, այսինքն՝ հրդեհների համար բարենպաստ պայմաններ էին ստեղծված, այս տարի, էսօրվա դրությամբ այդ չորային կլիման շարունակվում է ավելի վատ ձևով։ Ասենք մարզեր ունենք, որտեղ ընդհանրապես ձյուն չի գալիս, էսօր Վայոց Ձորում ձյուն է գալիս, ուրախացել ենք։ Կարող ենք կանխատեսել, որ դրանք շատանալու են, իսկ ինչքանով կշատանան, չենք կարող ասել»,- ասաց նախարարը։
Ցոլակյանն անդրադառնալով հրդեհների բռնկմանը՝ խոսեց նաեւ մարդկային գործոնի մասին։«Այո, լինում են դեպքեր, որ այրում են և բավականին շատ քրեական գործեր ունենք, 50-ից ավելի, որոնցից 4-ը հենց հիմա դատարանում են։ Դրանց մեջ կան դիտավորյալ վառելու, այրելու, անզգուշությամբ այրելու դեպքեր։ Մենք չգիտենք՝ էդ հարցում մարդիկ ինչքանով են չարակամ կամ անտարբեր, անզգույշ։ Մենք չենք կարող հիմա գուշակել՝ ինչ կլինի վաղը, գուշակություն է դա, բայց որ շատ է լինելու, փաստ է»,- նշեց Ցոլակյանը։
Նրա խոսքով՝ գործնականում ԱԻ բոլոր տեսակներով աճ է գրանցվել: Կրկին անդրադառնալով հրդեհների թեմային՝ Ցոլակյանը նշեց, որ 2019 թվականին գրանցվել է 10237 հրդեհ՝ 2018 թվականի 6500-ի դիմաց: «Խոշոր հրդեհներ են եղել, կարողացել ենք մարել, եւ ցանկանում եմ ընդգծել, որ հրշեջները պատվով են դուրս եկել բարդ իրավիճակից: Տեխնիկական խնդիրների պատճառով հաջողությունը հաճախ կախված էր հրշեջների պրոֆեսիոնալիզմից եւ անձնական հատկանիշներից»,- նշեց Ցոլակյանը՝ ցավով արձանագրելով, որ անցած տարում զոհվել է մեկ հրշեջ, մեկն էլ վիրավորվել է: «Վիրավորը ճանաչվել է տարվա լավագույն հրշեջ, իսկ ընկերոջ մահը դաս է դարձել՝ ոչ անհրաժեշտ ռիսկից խուսափելու համար: Չնայած փրկարարի աշխատանքը կապված է ամենօրյա ռիսկի հետ»,- հավելեց Ցոլակյանը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )