Իսկ եթե Բակո Սահակյանն էլ Գորիսում ՀԴՄ պահանջի ու դեբոշ սարքի՞
Այսօր որոշել էի անդրադառնալ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբալցության առաջնորդ Լիլիթ Մակունցի վերջին բոցերին՝ կապված սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության հետ: Ասել էր, որ մեր ժողովուրդն ուղղակի պահանջում է, որ փոփոխություններ կատարվեն սահմանադրության մեջ: Բայց պատգամավորուհին ոչ ժողովրդի պահանջի որևէ փաստ էր ներկայացրել (գոնե մի գրիչ ցույց տար), ոչ էլ մանրամասնել էր, թե հատկապես ինչ փոփոխություններ է պահանջում «ամբողջ ժողովուրդը»: Սահմանադրության հետ կապված ցանկացած խնդիր, անշուշտ, լուրջ է, և դրանով պետք է զբաղվեն լուրջ մարդիկ: Մակունցը և «Իմ քայլի» մյուս պատգամավորները, մեղքս ինչ թաքցնեմ, այդքան չեն ձգում, որ մի հատ էլ հավատամ, որ մեր «ամբողջ ժողովուրդը» նրանց դիմել է այդպիսի մի լուրջ հարցով: Իսկ «Ֆեյսբուքում» մի օգտատեր ընդհանրապես գրել էր՝ մնացել էր, որ Մակունցն իմ անունից խոսի: Մի խոսքով՝ թեման լրիվ հասունացած էր, բայց մեկ էլ բարլուսախառը տեղ հասավ Փաշինյանի հերթական, շատ ներողություն, տափակ գրառումը և խառնեց ամեն ինչ: Տափակ՝ ի՞նչ առումով: Դիցուք ես՝ ընտանիքիս անդամների ներկայությամբ ռեստորանում երբեք «խիպիշ» չէի սարքի: Եղբայր, եթե դու այնքան տղամարդ ես, որ ռեստորանում հաշիվ ես փակում, ուրեմն նաև այնպես արա, որ կերած հացը վրաներդ նստի: Որ դու ընկար կռվի մեջ, պարոն Փաշինյան, Աննան ու Աշոտը քեզ մի կողմ չքաշեցի՞ն, չասի՞ն՝ ամոթ է այ մարդ, ժողովուրդը քեզ է նայում, ինչպե՞ս ես քեզ պահում… Չէ որ չէ՝ ՀԴՄ-ս տվեք, թե չէ հրեն՝ կացինը սրած, գնամ բերեմ, օբյեկտը փակեմ…
Ղրղզստանում Իսիկկուլ անունով լիճ կա: Ծովի մակարդակից 1600 մ բարձրության վրա: Լճափին ընտիր իշխան են տալիս, որ պատրաստում են տեղի ռեստորանները: Հիմա ենթադրենք, որ դեպքը պատահել է ոչ թե Արցախում, այլ Ղրղզստանում: Պարոն Փաշինյան, Դուք նույն կե՞րպ կարձագանքեիք ՀԴՄ չտալուն: Իհարկե ոչ: Օտար երկիր է, դու հյուր ես, հյուրն ինչպե՞ս կարող է իրեն այդպես պահել: Արցախում, չնայած երկրորդ հայկական հանրապետության անկախ կարգավիճակին, մենք մեզ հյուրի պես չենք պահում, տեր ենք զգում: Բայց, այսուհանդերձ, ՀՀ վարչապետը ԱՀ վարչապետը չէ, ինչպես ինքն է ասում՝ չի կարող բանակցել արցախցիների անունից, հետևաբար նաև չի կարող իրեն իրավունք վերապահել՝ զորաշարժի ենթարկելու Արցախի պետական կառույցները (այս դեպքում՝ կառավարությունն ու հարկային տեսչությունը): Սա գիտե՞ք ինչի է նման, որ ասենք՝ Բակո Սահակյանը Գորիսի մոտ՝ ճամփեզրին, մի կտոր հաց ուտի, կտրոն չտան, վեր կենա տեսարաններ սարքի, հետն էլ զանգի Նիկոլին, թե արա, ՀԴՄ չեք տպում, լևի հարկեր եք հավաքում, նախարարներին միլիոնավոր դրամներով պարգևատրումներ եք տալիս, բա չե՞ք մտածում, որ դրանով զինվորի հացն եք ուտում: Տարբերությունը, ինչպես տեսնում եք, Նիկոլի ու Բակո Սահակյանի անձերի մեջ է:
Որ ասեմ, Նիկոլը քձիբ է, ճիշտ չի լինի: Նա էլ իր նախկինների պես շքեղություններ սիրում է՝ նոր մեքենա առավ, առանձնատունը նորոգեց, նախաճաշին սև իկրա չլինի՝ սեղան չի նստում: Բայց մարդը սկզբունքային է ՀԴՄ-ների հարցում, ոչինչ անել չես կարող: Մի պահ մոռացել է, որ Արցախում է, և արյունը գլխին է տվել, երբ ՀԴՄ-ն չեն տվել: Հասել է Երևան, ուշքի չգալով՝ ֆեյսբուքյան էջում գրել է. «Հիմա այս դեպքից հետո ռեստորանի սեփականատերը աղմուկ է բարձրացրել, թե վարչապետը հարկայինն ուղարկել է ինձ վրա: Ուզում եմ պաշտոնապես ասել, որ բոլոր նման դեպքերում նույն կերպ եմ վարվելու եւ նույն կերպ վարվելու կոչ եմ անում Հայաստանի եւ Արցախի բոլոր քաղաքացիներին»: Այստեղ են ասել՝ թունդ է, շատ թունդ մարդ է Նաջարյանը…
Պարոն Փաշինյան, իսկ քանի՞ մարդ է թիկնազորի տեսքով Ձեզ ուղեկցել արցախյան ընտանեկան շրջագայության ժամանակ: Հիսո՞ւն, հարյո՞ւր… Լավ, թիվը Դուք ասեք, բայց պարզ է, որ այդ մարդիկ ինչ-որ տեղ կանգնել, հաց են կերել, հաշիվ փակել, չէ՞: Հետաքրքրվե՞լ եք, արդյոք, թե որքան են կերել, որքան հաշիվ փակել: Եվ, ամենակարևորը՝ նրանց ՀԴՄ տվե՞լ են, թե՞… Ուզում եմ հասկանալ՝ նրանք Ձեր հաշվի՞ն են կերել-խմել, թե՞ պետության, և արդյոք այդ ՀԴՄ-ն հիմք դառնալո՞ւ է հետագա հաշվետվության համար: Օրենքն ասում է՝ այո: Հետևաբար մեզ համար ավելի հետաքրքիր է ոչ թե Ձեր գրպանից ընտանիքի ճաշի համար ծախսված գումարը (39 հազար դրամ), այլ այն գումարը, որ մենք՝ հարկատուներս ենք վճարել (թիկնազորի սնունդ, բենզին, այլ կայֆեր), որպեսզի ՀՀ վարչապետը գնա Արցախ՝ որդուն տեսության ու վերադառնա: Հենց այդ թիվը հրապարակեք, կհասկանանք, թե 39 հազարի ՀԴՄ չտալով՝ քանի զինվորի հաց կերավ Արցախի սարերում կորած ռեստորանի տերը և հարկատուների վճարած հարկերից իր մեկ շրջագայությամբ որքան ծախսեց վարչապետը: Ի դեպ՝ բյուջետային գումարները (ով էլ տնօրինում է դրանք) շատ հանգիստ կարող են զինվորի հաց դառնալ, եթե ուղղվեն բանակին:
Վերադառնալով Լիլիթ Մակունցի «միջից» դուրս եկած հայտարարությանը՝ կցանկանայի նույն համատեքստում մի հարց տալ վարչապետ Փաշինյանին՝ պատահաբար մեր «ամբողջ ժողովրդի» պահանջով չի՞ կայացել Ձեր վերջին այցելությունն Արցախ՝ Աշոտին տեսության:
Եվ ապա՝
Հ.Գ. Քանի որ Նիկոլ Փաշինյանը Թումանյանի անունից ՀՀ և ԱՀ բոլոր քաղաքացիներին կոչ է արել հետևողական լինել օբյեկտներում և խանութներում ՀԴՄ խփելու հարցում, կցանկանայի մի կոչ էլ ես անել, բայց հանրահայտ գործարար Գերասիմ Յակուլիչ Զամբախովի անունից. «Հարգելի գործարարներ՝ ի Հայաստան և ի Արցախ աշխարհի, ՀՀ և ԱՀ հարկային մարմիններին ավելորդ տեղը չհարստացնելու նպատակով, ս.թ. փետրվարի 23-ին (ափսոս՝ մեր բանակի օրը չէ) կարող եք աշխատել «#ոչմիՀԴՄչենք տպում#» նշանաբանով: Բացառություններ անել միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրան ներկայացնող անձանց (իմքայլականների)`խանութ կամ օբյեկտ մտնելու դեպքում: Օրվա ավարտին՝ ՀԴՄ չխփելուց գոյացած ողջ հավելյալ եկամուտը, կանխիկ փողի տեսքով, տրամադրում ենք Հայոց բանակին: Հարգանքներով՝ Գ. Յ. Զամբախով»:
