Ամեն ինչ կախված է Թովմասյանի նյարդերից, կդիմանա՝ կմնա

Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ իշխանության գրեթե ողջ «գվարդիան» լծված են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին րոպե առաջ ՍԴ-ից հեռացնելու գործին, հարցը, թե, այնուամենայնիվ, ինչ ճանապարհով իշխանությունը կհասնի բաղձալի նպատակին, երեկ կարծես ուրվագծվեց։ Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թովմասյանի եւ ՍԴ նախագահի պաշտոնի անհամատեղելիության մասին ամենօրյա ռեժիմով խոսում է վարչապետը՝ նրան վերագրելով բոլոր մահացու մեղքերը՝ իրեն քծնելուց եւ ծառայություններ առաջարկելուց մինչեւ պաշտոնեական կեղծիք կատարելն ու պարբերաբար այլ երկրներ մեկնելը, այսինքն՝ շպիոնաժը։
Թովմասյանին չեզոքացնելու նպատակին է լծվել նաեւ հարկատուներիս հաշվին գործող Հանրային հեռուստաընկերությունը, որը նախօրեին ռեպորտաժ էր պատրաստել Թովմասյանին առաջադրված մեղադրանքների վերաբերյալ՝ ներկայացնելով բացառապես վարույթն իրականացնող մարմնի տեսակետը՝ համեմված նախաքննական գաղտնիք համարվող տեղեկություններով։

Ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի՝ ՍԴ անդամի լիազորությունների դադարեցման հիմք կարող է հանդիսանալ սեփական դիմումը, կամ եթե ավարտվել է լիազորությունների ժամկետը, լրացել է պաշտոնավարման տարիքը, կորցրել է ՀՀ քաղաքացիությունը, հրաժարական է ներկայացրել, դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ, անհայտ կորած կամ մահացած, եթե օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ մեղադրական դատավճիռ, եթե խախտվել է համատեղելիության պահանջը, պաշտոնավարման ընթացքում զբաղվել է քաղաքականությամբ, կատարել է էական կարգապահական խախտում եւ այլն։ Այսինքն՝ օրենքը հստակ սահմանում է Թովմասյանին ժամանակից շուտ պաշտոնանկ անելու օրինական միջոցները, որոնցից եւ ոչ մեկն այս պարագայում կիրառելի չէ։
Մեզ հետ զրույցում իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Վաղարշյանն ասաց, որ Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակը վաղուց այլեւս զուտ իրավական գործընթաց չէ, այն արդեն քաղաքական է դարձել։ «Իրավական մեխանիզմները նրանք են, որոնք արդեն կան, բայց դրանցից որեւէ մեկը չի ստացվում, ոչ մի բան չեն կարող անել։ Ինձ թվում է՝ հիմա հոգեբանական ազդեցություն են գործում, այստեղ արդեն անհատի խնդիր է, պիտի դիմանա։ Բոլոր մարդկանց վրա էլ ինչ-որ ազդեցություններ կան, որոշ մարդիկ հանձնվում են, որոշ մարդիկ՝ ոչ։ Այսօր այնքան ինֆորմացիա կա, ամեն պահի մի բան հրապարակ են նետում։ Այն, ինչ օրենքով նախատեսվում է, այս պահին չկա, հնարավոր է վաղն ինչ-որ բաներ հրապարակեն, ես չեմ կարող ասել։ Բայց ինքը՝ գործընթացը, արդեն քաղաքականացված է, այստեղ արդեն Թովմասյանի անձնական որակներն են․ եթե կդիմանա՝ կդիմանա, եթե ոչ՝ կհեռանա։ Երբ իրենք օրենք մշակեցին ու խթանեցին, որ մարդը հրաժարական տա, գնա վաղաժամ թոշակի, ինքն այդ իրավունքից չօգտվեց։ Պրոցեսն իրավական հարթության վրա չէ արդեն, Դուք տեսնում եք՝ մարդիկ ինքնասպանություններ են գործում, ներքին ինֆորմացիաներ կան, եւ մարդիկ այդ ինֆորմացիոն հոսքին չեն դիմանում, այդ լուծը չեն կարողանում տանել, հասարակ մի գրիչի պատմությունը մի «բոլոլա» սարքեցին, դա արդեն քաղաքական գործընթաց է»,- մեզ հետ զրույցում ասաց Վաղարշյանը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի խոսքով՝ իրենք ՍԴ-ի շուրջ ստեղծված խնդրի կարգավորումն ունեն, սակայն դեռեւս այդ մասին չեն հայտարարում, այդ մասին կխոսի խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ մոտ ապագայում։ Երեկ տեղեկացանք, որ ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանի առաջարկով փոփոխություն է կատարվելու օրենքում, եւ ԱԺ-ն Սահմանադրությունը փոխելու իրավունք է ստանալու։ Ըստ այդմ, փոփոխության կենթարկվի դատական համակարգին վերաբերող գլուխը՝ առանց հանրաքվեի։
Զրուցեցինք «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյանի հետ։ Հարցրինք, թե ինչպես են պատրաստվում հեռացնել Թովմասյանին։ «Թովմասյանի կողմից որոշակի օրինազանցություն կա, եւ ինքը համատեղելի չէ այդ պաշտոնին։ Իսկ թե որ դրվագով է անհամատեղելիությունը, դա պետք է վարչապետի գրասենյակից հարցնել, ես այդ ինֆորմացիային չեմ տիրապետում»,- պատասխանեց Բաղդասարյանը։ Նրան հարցրինք, թե «Իմ քայլը» խմբակցության օրակարգում կա՞ Թովմասյանին պաշտոնանկ անելու հարց։ «Իմ կարծիքով՝ անձերի հեռացման հարց չի կարող լինել մեր օրակարգում երբեւիցե, ինստիտուտի մասին խոսք կարող է լինել։ Հարցն այն է, որ այն մարդիկ, որոնք հիմա ՍԴ-ում պաշտոնավարում են, չի բխում ՀՀ Սահմանադրությունից, արդյոք այդ խնդիրը ճգնաժամայի՞ն է, թե՞ ոչ, եւ արդյոք այդ խնդիրը լուծում պահանջո՞ւմ է, թե՞ ոչ, անկախ նրանից՝ դա Հրայր Թովմասյա՞նը կլինի, թե՞ Պողոս Պողոսյանը։ Այսինքն՝ եթե այս մարդիկ չեն ընտրվել օրենքով սահմանված ընթացակարգով, եւ իրենց՝ այնտեղ գտնվելը հակասում է գործող Սահմանադրությանը, ապա պետք է խնդիրը լուծում ստանա»։
Ի՞նչ օրինական մեխանիզմներով են լուծելու «այդ խնդիրը»։ «Այսօր, ըստ Սահմանադրության, Հրայր Թովմասյանը պետք է պաշտոնավարի 6 տարի, բայց ինքը անցումային դրույթներ է մշակել, եւ այդ անցումային դրույթներն այնպես են մեկնաբանել, այնպես են տեղավորել, որ ինքը գործող Սահմանադրության պայմաններում անցումային դրույթներով ընտրվել է եւ պաշտոնավարելու է մինչեւ 2035 թվականը։ Օրենսդրական լծակ պետք չէ, այդ իրավիճակն ինքնին հակասում է Սահմանադրությանը։ Մենք Սահմանադրության համաձայն մի եղելություն ունենք, բայց իրական կյանքում՝ ուրիշ եղելություն, պետք է ամբողջը համապատասխանի Սահմանադրությանը, եւ դրա համար ԱԺ-ն ընդունել է օրենք, որը հնարավորություն է տալիս մարդկանց՝ վաղաժամ թոշակի գնալ։
Մենք մի կողմից գիտակցում ենք, որ այդ մարդիկ նշանակվել են այն ժամանակ որոշ կանոնակարգերի պահպանմամբ, մյուս կողմից գիտակցում ենք, որ հասարակական պահանջ կա, եւ այդ կարգերը սահմանվել են օրենքը շրջանցելու համար։ Այս հանգուցալուծումը տեսնելու համար առաջարկվել է օրենքի նախագիծ, որից տեղյակ եք՝ վաղաժամ թոշակի գնալու վերաբերյալ»։
Բայց ՍԴ անդամները հրաժարվել են վաղաժամ թոշակի գնալուց։ «Դե, ժամկետ է սահմանված, պետք է տեսնենք՝ հրաժարվո՞ւմ են, թե՞ ոչ։ Այստեղ իրավագիտակցության խնդիր է։ Իրենք էլ պետք է գիտակցեն, որ մարդ չպետք է կախված մնա իր պաշտոնից, եթե հասկանա, որ այդ պաշտոնը ստացել է ոչ թե Սահմանադրության եւ նորմերին համապատասխան, այլ Սահմանադրության մեջ ինչ-որ լծակներ գտնելով ու փոփոխելով։ Ես այդ մոտեցմանը կտրականապես դեմ եմ։ Դա նման է Սերժ Սարգսյանի կատարած քայլերին, որ նա, փոխելով Սահմանադրությունը, կրկին փորձում էր իշխանության գալ։ Դա անընդունելի է, իշխանությունը ժամանակավոր երեւույթ է, մեր պետության մեջ թագավոր չկա կամ թագավորի նման նշանակվող դատավորներ»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )