Նիկոլ Փաշինյանն ասուլիսում ստել է. ԱԽՔ-ը խոսել է պետական հեղաշրջման մասին

Հունվարի 25-ին Կապանում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ վիճահարույց հայտարարությունների, լրագրողի հարցին ի պատասխան՝ խոսեց նաև ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ հեղաշրջման փորձի և դրա կանխման վերաբերյալ հայտարարության մասին՝ նշելով, որ Արմեն Գրիգորյանը նման բան չի ասել, այլ լրագրողներն են «վերնագրային ընթերման» պատճառով հանգել նման եզրակացության։ Մինչդեռ Արմեն Գրիգորյանն իրապես արել է նման հայտարարություն, ուստի՝ Նիկոլ Փաշինյանը ստել է լրագրողի հարցին պատասխանելիս։ Այսպես.
Ասուլիսի ընթացքում «Շանթ» հեռուստաընկերության լրագրողը հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Վերջերս անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսեց հեղաշրջման պետական փորձ կանխելուց. ո՞վ և ովքե՞ր են այդ հեղաշրջման պետական փորձի հեղինակները, և արդյո՞ք նա կամ նրանք ձերբակալված են»։
Ի պատասխան լրագրողի հարցին` Նիկոլ Փաշինյանն ասաց. «Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարության դեպքում մենք գործ ունենք ժամանակակից լրատվության մի ֆենոմենի հետ, որը կոչվում է վերնագրային ընթերցում, այսինքն՝ մարդիկ սովորաբար ոչ թե նյութն են կարդում, այլ՝ վերնագիրը։ Գրիգորյանը հենց կոնկրետ այդպիսի հայտարարություն չի արել, նա տվել է ձևակերպումներ, որոնք լրագրողին բերել են այդպիսի եզրակացության, դրանք տարբեր են, հետևաբար, ես ուզում եմ ասել՝ ես շատ կարևոր եմ համարում այդ հարցի պարզաբանումը, որովհետև, գիտեք, «հեղաշրջում», «պետական հեղաշրջում», «պատերազմ» ու այս կարգի հասկացությունները ժամանակի ընթացքում փոփոխություններ են կրում»:
Արդյունքում Նիկոլ Փաշինյանը, Արմեն Գրիգորյանի հայտարարությունը «ճշգրիտ ձևակերպելով և մեկնաբանելով», այն անվանեց «հիբրիդային հեղաշրջման հիբրիդային նախապատրաստություններ, որոնք լիարժեքորեն պարտված են և ջախջախված»:
Սակայն, ինչպես արդեն նշեցինք, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունվարի 23-ին կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում իսկապես խոսել է «պետական հեղաշրջման փորձի» մասին։
Արմեն Գրիգորյանին ուղղված հարցում լրագրողը օգտագործել է «պետական հեղաշրջում» բառը` ասելով. «Ձեր վերջին հարցազրույցի ժամանակ խոսել էիք այն մասին, որ պետական հեղաշրջման փորձ էր տեղի ունեցել, կարո՞ղ եք ավելի մանրամասնել»:
«Ընդհանուր առմամբ, այս քայլերը տարբեր ձեւ եւ տարբեր բնույթ են ունեցել, կանխել ենք եւ դրա վտանգն այս պահին չկա», – պատասխանել է ԱԽՔ Արմեն Գրիգորյանը:Հասկանալի է, որ Արմեն Գրիգորյանի՝ «այս քայլերը», «դրա» բառերը վերաբերվում են հենց լրագրողի օգտագործած «պետական հեղաշրջման փորձ» արտահայտությանը։
Սա միակ դեպքը չէ, երբ Արմեն Գրիգորյանը խոսել է «պետական հեղաշրջման փորձի» մասին։
Հունվարի 22-ին Factor TV-ի եթերում հարցազրույցի ժամանակ՝ լրագրողի այն հարցին, թե «Միքայել Մինասյան-Արթուր Վանեցյան համատեղ հեղաշրջման պլան են մշակել՝ ըստ ՀԺ-ի. Ձեզ ի՞նչ մանրամասներ են հայտնի պլանի մասին», Արմեն Գրիգորյանը պատասխանել է. «Իսկապես փորձեր կատարվել են։ Հեղափոխությունից հետո որևէ վայրկյան նախկինները չեն դադարել հույս փայփայել հետ գալու»։Ուստի, Նիկոլ Փաշինյանը իր ասուլիսի ընթացքում հերթական անգամ ստել է` փորձելով կոծկել պետական անվտանգային բարձրաստիճան պաշտոնյայի անպատասխանատու հայտարարությունները։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )