Բոլիվիայի ժամանակավոր նախագահը աշխատանքից ազատել է կառավարությանը 10:07 • 27.01.20

Բոլիվիայի ժամանակավոր նախագահ Ժանին Անյեսն աշխատանքից ազատել է կառավարությանը և հայտարարել, որ նոր կառավարության կազմը կներկայացնի մոտ ժամանակներս: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Բոլիվիայի պետական հեռուստառադիոյին:

«Նախագահ Ժանին Անյեսը միջնորդություն է ներկայացրել նախարարների ազատման վերաբերյալ: Նա կառավարման սկզբում դրած նպատակների նվաճման համար կառավարության նոր կազմը կհաստատի կարճ ժամկետներում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ սեփական նախաձեռնությամբ աշխատանքից ազատվել էր կապի նախարար Ռոքսանա Լիսարագան, որը համաձայն չէր նախագահի` գալիք ընտրություններում թեկնածություն ներկայացնելուն:

Հիշեցնենք, որ Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը գրեթե 14 տարի իշխանության լինելուց հետո 2019 թվականի նոյեմբերին հրաժարական էր տվել:

Դիտորդները բազմաթիվ խախտումներ էին արձանագրել հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ, սակայն Մորալեսը հայտարարել է, որ ինքը հեղաշրջման զոհ է դարձել: Նա ասել է, որ հեռանում է, որպեսզի պաշտպանի քաղաքական դաշնակիցներին, որոնց տները հրդեհվել են բողոքի ակցիաների ժամանակ:

Նրա հրաժարականից հետո իշխանությունը անցել էր սենատի ընդդիմադիր փոխխոսնակ Ժանին Անյեսին

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )