Դատապարտելի է «Կենտրոն» ՀԸ աշխատակիցների դեմ հարձակումը․ այն հարված էր Հայաստանին
«
Կենտրոն» ՀԸ աշխատակիցների վրա նախօրեին իրականացված հարձակումը անկախ ձեւից ու բովանդակությունից, կարելի է համարել Հայաստանում չորրորդ իշխանության՝ ազատ խոսքի եւ մամուլի հանդեպ ճնշման կոպիտ փորձ։ Այն կարելի է դիտարկել նույն համատեքստում, ինչ «Հրապարակի» դեմ կոչերը, «Հայելու» վրա հարձակումը, «Ժողովուրդ»-ի դեմ հարձակումը կամ «5-րդ ալիքի» վրա ճնշման փորձը՝ սեփականատիրոջ ձերբակալմամբ։ Իհարկե չմոռանանք նաեւ «Հ2»-ի սեփականատեր Մայրապետյանի դեմ իրականացված գործողությունները եւս, որոնք մեծ հաշվով «Հ2»-ին հարվածելու միտում ունեին։ Մեկ ու կես տարվա համար սրանք ընդամենը մի քանի ամենից ակնառու օրինակներն են, որոնք որպես մեկ շղթայի տարբեր մասնիկներ, որպես գործողություն իրականացվել են ԶԼՄ-ների դեմ։ Ու սա այն դեպքում, երբ Հանրապետության ղեկավարը նախկին լրագրող է ու ինքն էլ ժամանակին իր մաշկի վրա զգացել է ԶԼՄ-ի վրա բիրտ ճնշման հետեւանքները։ Սա Հայաստանի հեղինակությանը մեծ հարված է եւ լուրջ հետընթացի արձանագրում ժողովրդավարական արժեքներից։ Կարելի է չսիրել որեւէ լրատվամիջոց, համաձայն չլինել վերջինիս արտահայտած տեսակետների հետ, սակայն երբեք չպետք է այդ անհամաձայնությունը հասնի ֆիզիկական ուժով ուղեկցված գործողության։ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական հեղափոխության արժեհամակարգը լրիվ այլ փիլիսոփայություն եւ տրամաբանություն պետք է ունենա, քան ստալին-բերիական մեթոդներով մամուլի բերանը փակելը։ Սա շատ վտանգավոր միտում է եւ շատ կարճամիտ։ Քննադատական մամուլը իշխանությանը զգոն պահելու միջոց է, իսկ երբ դադարում է քննադատությունը, պետությունը սկսում է նեխել ու կործանվել ներսից։ Վկան ԽՍՀՄ-ն է Լեոնիդ Բրեժնեւի ժամանակներում, երբ բոլորը ծափահարում էին, իսկ երկիրը քանդվում։
