Գործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվել

Բելգիայում օդային հաղորդակցությունը նոյեմբերի 23-ին կանգ է առել։ Դաշնային կառավարության խնայողական միջոցառումների դեմ համազգային գործադուլի հետևանքով չեղարկվել են հարյուրավոր չվերթեր, ինչն ազդել է տասնյակ հազարավոր ուղևորների վրա, հայտնում է Ռոյթերսը։

Բրյուսելի օդանավակայանը հայտնել է, որ տեղական ժամանակով 07:00-21:00-ն չվերթներ չեն իրականացվի, քանի որ ավիակարգավարները միացել են գործադուլին։ «Ընդհանուր առմամբ, այսօր հնարավոր չէ իրականացնել 404 չվերթ, ինչը կազդի ավելի քան 50 000 ուղևորի վրա», – հայտարարել է օդանավակայանի խոսնակ Ջեֆրի Ֆրանսենսը։

Լուրջ խափանումներ են արձանագրվել նաև հասարակական տրանսպորտում։ Գործադուլը, որը կազմակերպել են Բելգիայի խոշորագույն արհմիությունները, հերթական ակցիան է վարչապետ Բարտ դե Վևերի կառավարության նախաձեռնած բարեփոխումների դեմ, որոնք առնչվում են կենսաթոշակային համակարգին, աշխատավարձերին և աշխատանքային պայմաններին։

Share This