«Տո՛ւր մեքենան». Թումանյանի մի քայլը, որը փրկեց հայ որբի կյանքը

Վաղարշապատի որբանոցում 1915-1918թթ․ աշխատած գթության քույրերից մեկը, որի անունը գրավոր աղբյուրներում չի պահպանվել, պատմում է, որ ամեն օր մի գթության քրոջ ու որբանոցի խորհրդի մի ներկայացուցչի եզներով լծված սայլ էին տրամադրում՝ քաղաքի փողոցներում և նրա մերձակայքում որբ, սովահար, տիֆով հիվանդ անապաստան երեխաներին գտնելու և որբանոց տեղափոխելու նպատակով։ Գթության քույրը պատմում է․ «Երբ գտնում էինք մի հիվանդ կամ սովահար երեխա, ես մեքենայով գլուխը խուզում էի, դնում սայլի մեջ, ու բերում էինք որբանոց։ Եթե պետք էր, տեղավորում էին հիվանդանոցում։

Այդ օրը ինձ հետ էր Հովհաննես Թումանյանը, որ բավական ժամանակ Վաղարշապատում էր։ Մի արտի մոտով անցնելիս նա սայլապանին խնդրեց, որ կանգնի ու ինձ ցույց տվեց արտի մեջ։ Նայեցի, իրոք, կարծես երեխա կար։ Գնացի։ Կմախքացած երեխա էր, արտի մեջ նստած։ Ինձ չնայեց։ Բոլորովին հյուծված էր, մահվան մոտ։ Մեքենան ձեռքիս մոտեցա, որ գլուխը խուզեմ, ու սարսափեցի։ Ամբողջը ոջիլ էր՝ մազերին, հագուստին։ Վխտում էին։ Ազատ տեղ չկար։ Այնպիսի զզվանք զգացի, որ ետ դարձա սայլի մոտ։ Թումանյանը հարցական նայեց։

– Չեմ կարող, պարո՛ն Թումանյան, անհնար է։

․․․Թումանյանը թե՝

– Հա՛, հասկանում եմ։ Տո՛ւր մեքենան։

Առավ ու մտավ արտը։ Խուզեց երեխայի գլուխը, հետո գրկեց, բերեց դրեց սայլի մեջ»։

Այդ պահին բանաստեղծը փրկեց ևս մի հայ մանկան կյանք՝ նախ նկատելով նրան, ապա որբանոց տեղափոխելով։

Եղեռնը վերապրող յուրաքանչյուր որբ երեխա, որ եղել է Էջմիածնում, հետագայում հպարտությամբ հիշել է բանաստեղծին, մտապահել ամենանչին մանրամասնը՝ կապված Թումանյանի հետ։ Բիթլիսցի Աղավնի Մկրտչյանը ամենայն ջերմությամբ ու կարոտով է նկարագրել որբերի հայրիկ Թումանյանի անմարելի լույսը որբաշխարհում, նրա ձեռքով ստացած հացն ու ձուն։

Share This