«Դեղագործի 5 սարսափ պատմությունները․ երբ բժշկական միֆերն ավելի սարսափելի են, քան Հելոուինի ուրվականները.Նարեկ Վարժապետյան

 Հելոուինյան 5 սարսափ պատմություն՝ դեղագործի աչքերով

 

Եթե Հելոուինն իսկապես «սատանայի օր» լիներ, վստահ եմ՝ սատանան առաջին իսկ հերթապահությունից հետո դեղատնից փախչելու էր։

 

Որովհետև այն, ինչ դեղագործներն ամեն օր լսում են դեղատան վաճառասեղանի մոտ, երբեմն նույնիսկ սարսափ ֆիլմերի սցենարիստների երևակայությունից վեր է։

 

Ներկայացնում եմ իմ TOP 5 դեղագործական սարսափ պատմությունները, որոնցից նույնիսկ ուրվականների մազերը բիզ-բիզ կկանգնեն։

 

ՍԱՐՍԱՓ №1. «Շատ եմ կերել, մի պանկրեատին տվեք՝ մեղքերս ներվեն»։

 

Սիրելի՛ս, պանկրեատինը (Pancreatin) ո՛չ կախարդական փայտիկ է, ո՛չ էլ ստամոքսի համար մեղքերի թողության վկայական։

 

Պանկրեատիկ ֆերմենտների փոխարինող բուժումը (PERT) նախատեսված է հիմնականում ենթաստամոքսային գեղձի էկզոկրին անբավարարության (EPI) համար, ոչ թե երրորդ բաժին խորովածի հետևանքները վերացնելու։

 

Պանկրեատինը չի կարող բանակցել ձեր փոխարեն՝ ձեր կերած տոլմայի հետ։

 

ՍԱՐՍԱՓ №2. «Գրիպ եմ, մի ուժեղ հակաբիոտիկ տվեք»։

 

Այս նախադասությունից նույնիսկ բակտերիաներն են անհանգստանում։

 

Գրիպը վիրուսային վարակ է, իսկ հակաբիոտիկները (Antibiotics) վիրուսների դեմ չեն գործում։

 

Փոխարենը դրանց անհարկի օգտագործումը կարող է խաթարել աղիքային միկրոբիոտան (Gut Microbiota) և նպաստել հակամանրէային կայունությանը (AMR)։

 

Վիրուսը շարունակում է իր երեկույթը, իսկ ձեր օգտակար բակտերիաները ստիպված են լինում լքել պարահրապարակը։

 

Հակաբիոտիկը կարող է անհրաժեշտ լինել որոշ բակտերիալ բարդությունների դեպքում, բայց դա արդեն բժշկական գնահատման հարց է։

 

ՍԱՐՍԱՓ №3. «Գրիպի պատվաստում արեցի ու գրիպով հիվանդացա»։

 

Ուրվականն անգամ կասեր՝ «Մի՛ մեղադրեք ինձ այն բանի համար, ինչ չեմ արել»։

 

Ներարկվող գրիպի պատվաստանյութերը չեն կարող առաջացնել գրիպ։

 

Պատվաստումից հետո հնարավոր են ներարկման տեղում ցավ, հոգնածություն կամ կարճատև ջերմություն։ Դրանք հնարավոր հետպատվաստումային ռեակցիաներ են, ոչ թե ապացույց, որ պատվաստանյութը գրիպ է առաջացրել։

 

Իսկ պատվաստումից հետո գրիպով հիվանդանալը հնարավոր է, քանի որ պաշտպանությունը ձևավորվում է ժամանակի ընթացքում և 100% չէ։

 

Պատվաստանյութը ձեր իմունային համակարգի մարզիչն է, ոչ թե գրիպի գաղտնի գործակալը։

 

ՍԱՐՍԱՓ №4. «Պատվաստանյութերը կապված են 5G-ի հետ»։

 

Ահա այստեղ նույնիսկ սատանան խնդրեց գիտական աղբյուրը։

 

Պատվաստանյութերի և 5G տեխնոլոգիայի միջև նման կապի մասին պնդումները գիտական հիմք չունեն։

 

Բայց պատկերացրեք՝ եթե իսկապես կապ ունենային…

 

Գոնե պատվաստումից հետո Wi-Fi-ի գաղտնաբառը ինքնաբերաբար կիմանայինք։

 

Ցավոք, պատվաստանյութերը պաշտպանում են հիվանդություններից, ոչ թե վատ ինտերնետից։

 

ՍԱՐՍԱՓ №5. «Գրիպ եմ բռնել, որովհետև գլխարկ չեմ դրել»։

 

Տատիկների միջազգային խորհուրդը՝ «Գլխարկդ դիր, թե չէ կհիվանդանաս»։

 

Տատիկները հոգատարության հարցում անփոխարինելի են, բայց գրիպի պատճառագիտության մեջ մի փոքր ճշգրտում է պետք։

 

Գրիպ առաջացնում է influenza վիրուսը, ոչ թե գլխարկի բացակայությունը։

 

Ցուրտ եղանակը կարող է անուղղակիորեն նպաստել շնչառական վարակների տարածմանը, սակայն ինքնուրույն գրիպ չի առաջացնում։

 

Գլխարկը պահպանում է ձեր գլուխը ցրտից, բայց վիրուսի մուտքի մոտ անվտանգության աշխատակից չէ։

 

ԵՎ ՀԻՄԱ՝ ՀԵԼՈՈՒԻՆԻ ԱՄԵՆԱՍԱՐՍԱՓԵԼԻ ՀԱՐՑԸ…

 

Ի՞նչն է ավելի սարսափելի՝ գիշերվա ժամը 3-ին հայտնվող ուրվակա՞նը, թե՞ առավոտյան ժամը 9-ին հնչող՝

 

«Բժիշկ պետք չէ, հարևանս նույն ախտանիշներն ուներ, իր դեղից տվեք»։

 

Իսկ դուք ի՞նչ բժշկական կամ դեղագործական միֆ եք վերջերս լսել։

 

Գրեք մեկնաբանություններում։ Ամենա«սարսափելիները» գիտականորեն կհերքեմ հաջորդ հրապարակման մեջ։ 🔬👻

 

Հիշե՛ք՝ միֆերը կարող են զվարճալի լինել, բայց դրանց հիման վրա ինքնաբուժումը՝ ոչ։

 

Թող Հելոուինի միակ սարսափը լինի ձեր ընտրած ֆիլմը, ոչ թե ձեր դեղորայքային որոշումները։

 

Առողջություն, բարեկեցություն և իմաստություն ձեզ։

 

 

Share This