Քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել բլոգեր «Գեորգիքս»-ին երկու ամսով կալանավորելու համար
Հոկտեմբերի 28-ին, ՀՀ Քննչական կոմիտեի քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայր, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Իջևան քաղաքում հաշվառված 21-ամյա Գեորգի Թարջումանյանի՝ հանրությանը հայտնի բլոգեր «Գեորգիքս»-ի նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Վահագն Մելիքյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով մերժել է քննիչի կողմից երկամսյա կալանքի միջնորդությունը, սակայն խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, սեպտեմբերի 27-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն էր ահազանգել Իջևան քաղաքում հաշվառված 21-ամյա Գեորգի Թարջումանյանը և հայտնել, որ Ձորափի 35 հասցեում գտնվող «Ամառ» ռեստորանային համալիրում իրեն անհայտ անձը անհիմն հրել էր։
Ռեստորանային համալիր էր մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Տեղում Գ․ Թարջումանյանը հայտնել էր, որ իրեն հրել էին ժամը 00:30-ի սահմաններում և նրա ահազանգի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր էին կազմվել, որոնք փոխանցվել էին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 3-րդ քննչական բաժին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ․ Թարջումանյանը բլոգեր «Գեորգիքս»-ն է։
