Հայազգի «օրենքով գողի» բազմամիլիարդանոց ապօրինի բիզնեսի և ակտիվների վրա դատարանը կալանք է դրել
Հայազգի «օրենքով գող», քրեական աշխարհում «Ռուբեն Իվանովսկի» մականունով հայտնի Ռուբեն Քոսյանի ու նրա շրջապատի հետ կապվող բազմամիլիարդանոց ապօրինի բիզնեսի և ակտիվների վրա դատարանը
Իվանովոյի մարզի դատախազությունը դատարանից պահանջում է «Իվանովսկիե» քրեական միավորման մասնակիցներին և նրանց հետ փոխկապակցված անձանց ճանաչել էքստրեմիստական, իսկ նրանց՝ ավելի քան 6 միլիարդ ռուբլի գնահատվող ակտիվները բռնագանձել հօգուտ պետության։
Հայցի հիմքում ԱԱԾ-ի աշխատակիցների օպերատիվ-հետախուզական միջոցառումների և դատախազական վերահսկողության արդյունքներն են։
Դատախազության ներկայացրած տվյալների համաձայն՝ խոսքը շուրջ 64 ընկերության, ավելի քան 250 անշարժ գույքի և 198 տրանսպորտային միջոցի մասին է։ Իրավապահների վարկածով՝ այդ ակտիվներն օգտագործվել են հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և քրեական ազդեցության ընդլայնման համար։
Գործի նյութերում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում նաև Իվանովոյի մարզի ուղևորափոխադրումների ոլորտը։ Դատախազությունը պնդում է, որ քրեական միավորման ազդեցության տակ է հայտնվել նաև մարզի կենտրոնական ավտոկայանը։
Ըստ հայցվոր կողմի՝ պատմությունը սկսվում է դեռևս 1990-ականներից։ Դատախազության տվյալներով՝ «Իվանովսկիե» քրեական միավորումը ձևավորվել է Ռուբեն Քոսյանի, Դենիս Կարտաշովի և «Սլավյանսկիե» կազմակերպված հանցավոր խմբավորման ղեկավար Եվգենի Խոլոշայի մասնակցությամբ։ Խոլոշան սպանվել է 2016 թվականին։
Դատախազությունը պնդում է, որ միավորման մասնակիցները տարիների ընթացքում զբաղվել են շորթմամբ, կողոպուտով և ազդեցության ոլորտների վերաբաշխմամբ։
Ռուբեն Քոսյանը, որը ներկայում 61 տարեկան է, ըստ դատախազության ներկայացրած տեղեկությունների, նախկինում բազմիցս ենթարկվել է քրեական պատասխանատվության, այդ թվում՝ թմրամիջոցների ապօրինի պահման, իրավապահների նկատմամբ բռնություն կիրառելու և նրանց օրինական պահանջներին չենթարկվելու համար։
Գործով որպես պատասխանող ներգրավված է 64 անձ։
