Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանի ուղերձը Տարեցների միջազգային օրվա առթիվ

Ավագ սերնդի հարգելի՛ ներկայացուցիչներ, հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է, որը ևս մեկ կարևոր առիթ է ընդգծելու մի պարզ և հիմնարար գաղափար․ արժանապատիվ ծերությունը յուրաքանչյուր մարդու իրավունքն է, իսկ դրա ապահովումը՝ մարդակենտրոն պետական քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը։

 

Յուրաքանչյուր տարիքում մարդը պետք է ունենա իր ներուժն իրացնելու, հասարակական կյանքին լիարժեք մասնակցելու, առողջ և ակտիվ կենսակերպ վարելու հնարավորություն․ հենց այս մոտեցումն է ՀՀ Կառավարության կողմից իրականացվող ոլորտային բարեփոխումների և ծրագրերի հիմքում։ Այս նպատակով իրականացվում են համալիր ծրագրեր՝ ուղղված ավագ սերնդի ներկայացուցիչների առողջության պահպանմանը, ակտիվ ծերացմանը, կյանքի որակի բարելավմանը, համայնքային կյանքում մասնակցության խթանմանը։

 

Միաժամանակ, շարունակվում են բարեփոխումները տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող խնամքի ծառայությունների գործընթացում, այդ թվում՝ թվայնացման, չափորոշիչների բարելավման, ինչպես նաև համայնքահենք և այլընտրանքային ծառայությունների զարգացման ու ընդլայնման ուղղություններով։

 

Ավագ սերնդի հարգելի՛ ներկայացուցիչներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ օրվա առթիվ, մաղթում եմ քաջառողջություն և բարեկեցություն։

Share This