«Պռեգոմեշը» կապարակնքված է, բայց հարցերը՝ բաց․ ի՞նչ կապ ունի Սիրուշոյի ստեղծածը քաղաքական քրեական գործի հետ

Սիրուշոյի ստեղծած զարդերն իմ տեսած ամենագեղեցիկ ու խորհրդավոր զարդերից են, իրենց մեջ հայկական շունչ, պատմություն ու մի տեսակ անբացատրելի խորհուրդ ունեն։ Ես ինքս դրանք կրելիս միշտ առանձնահատուկ զգացողություն եմ ունենում:

Սիրուշոյի «Պռեգոմեշի» պահեստները շարունակում են մնալ կապարակնքված․ շուրջ 10 հազար զարդ ու ապրանք փակի տակ է։ Խուզարկությունը կատարվել է Ռոբերտ Քոչարյանին և այլ անձանց վերաբերվող քրեական վարույթի շրջանակում։

Պարզ հարց՝ ի՞նչ կապ ունի Սիրուշոյի «Պռեգոմեշը» քաղաքական այս պատմությունների հետ։

Սիրուշոյին մենք առաջին հերթին ճանաչում ենք որպես երգչուհի ու ստեղծագործող, հետո նոր Լևոն Քոչարյանի կին։ Կա՞ մեկը, ով կարող է կասկածի տակ դնել այս աղջկա աշխատասիրությունն ու հայկական մշակույթը նորովի ներկայացնելու նրա ներդրումը։ Ինչին ձեռք է տալիս՝ դառնում է պահանջված ու սիրված։ Ինչո՞ւ եք Սիրուշոյի ստեղծածը փակի տակ պահում, իսկ օրինակ Գագիկ Խաչատրյանի ռեստորանները՝ ոչ։ Քաղաքական հաշվեհարդա՞ր է, ուզում եք ցավ պատճառե՞լ:

Բայց այս ամբողջ պատմության մեջ ավելի զզվելի են այն անձինք, ովքեր ուրախանում են Սիրուշոյի նկատմամբ իրականացվող գործողություններով՝ միայն նրա համար, որ նա Լևոն Քոչարյանի կինն է։ Քաղաքական հակակրանքը մի բան է, ուրիշի ստեղծածի, աշխատանքի ու տարիների ջանքի վրա չարախնդալը՝ լրիվ ուրիշ։

Դրանով դուք ոչ Սիրուշոյին եք փոքրացնում, ոչ էլ նրա ստեղծածը։ Դուք ընդամենը  ցույց եք տալիս ձեր սեփական փոքրոգությունն ու էժանությունը։

Share This