Քասախի նախկին համայնքապետը և 5 նախկին աշխատակիցներ՝ հանրային քրեական հետապնդման ներքո․ 28 հողամասի օտարման գործը՝ դատարան

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Մ․-ն 1996-2021 թվականներին հանդիսանալով Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարը և վերջինիս եղբորորդին՝ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ն․Մ․-ն, համայնքապետարանի աշխատակիցների և աճուրդային հանձնաժողովի անդամների հետ ձեռք բերված նախնական համաձայնությամբ, 2016-2019 թվականների ընթացքում փաստացի չիրականացված աճուրդների վերաբերյալ պաշտոնեական կեղծ փաստաթղթեր կազմելով՝ համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի և գյուղատնտեսական բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր՝ շուրջ 228 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքով 28 միավոր հողերն օտարել են իբր այդ աճուրդներում հաղթող ճանաչված անձանց, ինչի հետևանքով՝ առանձնապես խոշոր չափերով վնաս է պատճառվել Քասախ համայնքին, խաթարվել է համայնքային սեփականության օրինական կառավարման և հողերի օտարման օրինական գործընթացը, Քասախ համայնքին պատկանող հիշյալ հողամասերն ապօրինի կերպով դուրս են եկել համայնքային ֆոնդից և համայնքը զրկվել է սեփականության իրավունքով իրեն պատկանող հողերը ՀՀ օրենսդրության պահպանմամբ՝ օրինական եղանակով օտարելու իրական հնարավորությունից։

Ա․Մ․-ի և համայնքապետարանի նախկին 5 աշխատակցի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ 28 դրվագով հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):

Ա.Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ մյուսների նկատմամբ՝ վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Share This