2013-ից ահազանգեր, 1000 էջանոց գործ ու չպատասխանված հարցեր․ ինչո՞ւ չի շարժվում Մելադա Սարգսյանի գործը

Գյումրիում տարիներ շարունակ հնչող ահազանգերը, քաղաքացիների պնդումներն ու իրավապահ մարմիններին ներկայացված հաղորդումները հերթական անգամ առաջ են բերում նույն հարցը՝ ո՞ւմ հովանավորությունն ունի Մելադա Սարգսյանը, և ինչո՞ւ տարիներ անց էլ քաղաքացիների բարձրաձայնած խնդիրներին վերջնական իրավական գնահատական չի տրվում։

Քաղաքացի Հովհաննես Կիրակոսյանը, իր պնդմամբ, դեռևս 2013 թվականից ահազանգում է, որ Մելադա և Ռաֆիկ Սարգսյանների գործողությունների հետևանքով իրեն պատճառվել է վնաս, և ինքը ճանաչվել է տուժող։

Կիրակոսյանի և այլ քաղաքացիների պնդմամբ՝ Մելադա Սարգսյանի շուրջ կազմվել է շուրջ 1000 էջանոց քրեական գործ, որը հետագայում կարճվել է։ Այստեղ էլ առաջանում է հիմնական հարցը՝ ինչո՞ւ է կարճվել այդքան ծավալուն գործը, ի՞նչ հիմքով և արդյոք պատշաճ քննության են ենթարկվել բոլոր հանգամանքները։

Քաղաքացիները պնդում են, որ տարիներ առաջ իրենց հայտնի է եղել նաև այն հանգամանքը, որ Մելադա Սարգսյանը, իբր, հայտարարել է, թե վերցված գումարների դիմաց տոկոսները պետք է վճարվեն, հակառակ դեպքում կարող են իրավապահների կողմից խնդիրներ առաջանալ։ Մյուս դեպքերում, քաղաքացիների խոսքով, հնչել է նաև այն պնդումը, թե գումարները «գողի փող են»։

Սրանք քաղաքացիների կողմից ներկայացվող պնդումներ են, որոնք, բնականաբար, պետք է հաստատվեն կամ հերքվեն իրավասու մարմինների լիարժեք և անաչառ քննությամբ։

Հատկանշական է նաև մեկ այլ հանգամանք։ Քաղաքացիների պնդմամբ՝ այն ժամանակ Շիրակի մարզի դատախազությունը տեղեկացված է եղել խնդրի մասին, սակայն պատշաճ արձագանք չի եղել։ Եթե այս պնդումները համապատասխանում են իրականությանը, ապա առաջանում է արդեն ոչ միայն մեկ անձի, այլև իրավապահ համակարգի տարիների աշխատանքի վերաբերյալ լուրջ հարցադրում։

Անցել են տարիներ։ Հայաստանում տեղի է ունեցել իշխանափոխություն, իրականացվել են դատաիրավական համակարգի բարեփոխումներ, սակայն քաղաքացիների հիմնական հարցը մնացել է նույնը․

Ինչո՞ւ այս գործը տեղից չի շարժվում։

Քաղաքացիները, իրենց պնդմամբ, վերջնականապես դիմել են լրատվամիջոցներին՝ խնդիրը հանրայնացնելու ակնկալիքով։ Լրատվամիջոցը, ուսումնասիրելով քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերն ու տեղեկությունները, համարձակվել է բարձրաձայնել խնդիրը և համապատասխան հաղորդում ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։

Գլխավոր դատախազությունն այդ հաղորդումն ուղարկել է Շիրակի մարզի դատախազություն՝ քննարկման և համապատասխան ընթացք տալու համար։

Սակայն, քաղաքացիների խոսքով, մինչ օրս իրենց համար տեսանելի և բավարար քայլեր չեն իրականացվել։

Ավելին՝ քաղաքացիները պնդում են, որ խնդիրը բարձրաձայնելուց հետո ճնշումների և հակադարձ գործողությունների թիրախ է դարձել ոչ թե իրենց ներկայացրած հնարավոր հանցագործությունների հանգամանքը, այլ այն լրատվամիջոցի ղեկավարը, որը համարձակվել է հարցը բարձրաձայնել։

Քաղաքացիների պնդմամբ՝ Մելադա Սարգսյանի քննիչների և շրջապատի միջոցով լրատվամիջոցի ղեկավարի նկատմամբ իրականացվել են գործողություններ, որոնց արդյունքում վերջինս, լինելով խնդիրը բարձրաձայնող կողմ, հայտնվել է արդեն մեղադրյալի կարգավիճակում։

Եթե այս պնդումները հաստատվեն, ապա սա լրջագույն հարց է առաջացնում՝ ինչպե՞ս է ստացվում, որ հնարավոր հանցագործության մասին բարձրաձայնող անձը հայտնվում է քրեական հետապնդման թիրախում, իսկ տարիներ շարունակ քաղաքացիների մատնանշած հանգամանքները մնում են առանց ամբողջական իրավական գնահատականի։

Հարց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Պարոն Փաշինյան, Հայաստանում հեղափոխություն է տեղի ունեցել։ Դատաիրավական համակարգը փոփոխվել է։ Տարիներ են անցել։

Ինչո՞ւ Գյումրիում քաղաքացիների բարձրաձայնած այս խնդիրները դեռևս չեն ստացել վերջնական և հանրությանը հասկանալի իրավական գնահատական։

Արդյո՞ք Դուք տեղեկացված եք Հովհաննես Կիրակոսյանի և մյուս քաղաքացիների տարիների ահազանգերի, շուրջ 1000 էջանոց գործի կարճման, ինչպես նաև այն հաղորդման մասին, որը գլխավոր դատախազություն ներկայացնելուց հետո ուղարկվել է Շիրակի մարզի դատախազություն։

Եվ ամենակարևորը՝ եթե քաղաքացիների պնդումներում չկա իրական հիմք, թող դա ապացուցվի քննությամբ։ Իսկ եթե կա՝ թող պատասխանատվության ենթարկվեն բոլոր մեղավորները՝ անկախ նրանց կապերից, պաշտոններից կամ ազդեցությունից։

Գյումրին օրենքի առաջ հավասարության, ոչ թե վախի քաղաք պետք է լինի։

Քաղաքացիների պահանջը պարզ է՝ ոչ թե արտոնյալ վերաբերմունք, այլ արդար քննություն, ոչ թե ծածկադմբոց, այլ փաստերի բացահայտում։

Պարոն Փաշինյան, գուցե ժամանակն է անձամբ զբաղվելու այս հարցով և պարզելու՝ ինչո՞ւ է այս գործով տարիներ շարունակ «սայլը տեղից չի շարժվում»։

Գյումրին պետք է ազատագրվի ոչ թե մարդկանցից, այլ այն համակարգային վախից ու անպատժելիության զգացումից, որի մասին տարիներ շարունակ բարձրաձայնում են քաղաքացիները։

Share This