Ապրանքը պետք է ունենա ոչ միայն անուն, այլև՝ ծագում և արտադրության պատմություն.Էդգար Զաքարյան
Վերջին տարիներին Հայաստանում արտադրանքի թվային հետագծելիության համակարգերի ներդրումը դարձել է արդյունաբերության և առևտրի կարևոր ուղղություններից մեկը։ Սննդի արդյունաբերության մի շարք ոլորտներում արդեն կիրառվում է ապրանքի թվային նշագրում, որի միջոցով հնարավոր է հետևել ապրանքի ճանապարհին՝ արտադրությունից մինչև վերջնական սպառող։
Բայց ինչո՞ւ է հետագծելիությունը կարևոր ոչ միայն սննդի, այլև այլ արդյունաբերական ապրանքների համար։
Օրինակ բերեմ ոսկյա և արծաթյա զարդերի արտադրությունից։
Այսօր սպառողի համար կարևոր է ոչ միայն այն, թե ինչ տեսք ունի այդ զարդը։ Կարևոր է նաև հասկանալ՝ ո՞վ է արտադրողը, ի՞նչ նյութից է այն պատրաստված և ո՞րն է այդ նյութի ծագման աղբյուրը, ի՞նչ հարգ ունի և ինչպե՞ս է այն հաստատվել, որտե՞ղ և ե՞րբ է արտադրվել, ինչպիսի՞ ճանապարհ է անցել մինչև վաճառքը։
Թվային հետագծելիության համակարգը կարող է այս տեղեկատվությունը դարձնել մեկ թվային պատմություն՝ կապված կոնկրետ ապրանքի հետ։
Այսինքն՝ զարդը պարզապես ֆիզիկական արտադրանք չէ։ Այն ստանում է իր թվային ինքնությունը։
Զարդերի ոլորտում այս հարցը հատկապես արդիական դարձավ այն բանից հետո, երբ այս տարվա սկզբից փոխվեց ոլորտի հարկման կարգը։ Այժմ ԱԱՀ-ն հաշվարկվում է ոչ թե ամբողջ արժեքի, այլ ավելացված արժեքի՝ ըստ էության՝ վաճառքի և հումքի արժեքների տարբերության նկատմամբ։
Այս փոփոխությունը կարևոր նախապայման ստեղծեց ոլորտի համար՝ աշխատել ավելի թափանցիկ, օրինական և մրցունակ պայմաններում՝ միաժամանակ նվազեցնելով հարկային բեռը։
Եվ հենց այս նոր միջավայրում է հնարավոր դառնում մտածել հաջորդ կարևոր քայլի՝ արտադրանքի ամբողջական թվային հետագծելիության ներդրման մասին։
Սա կարևոր է մի քանի պատճառով։
Առաջին՝ սպառողի վստահություն։ Գնորդը կարող է ավելի վստահ լինել, որ ձեռք է բերում ստուգելի և համապատասխան բնութագրերով արտադրանք։
Երկրորդ՝ օրինական արտադրողի պաշտպանություն։ Հետագծելիությունը թույլ է տալիս ավելի արդյունավետ տարբերակել օրինական արտադրանքը չհամապատասխանող կամ կեղծ արտադրանքից։
Երրորդ՝ արտահանման մրցունակություն։ Միջազգային շուկաներում արտադրանքի մասին ստուգելի տեղեկատվությունը գնալով դառնում է մրցունակության կարևոր բաղադրիչ։ Հատկապես բարձրարժեք ապրանքների դեպքում վստահությունը արտադրանքի արժեքի մի մասն է։
Եվ չորրորդ՝ Հայաստանում ստեղծված արժեքի ճանաչելիություն և ապացուցելիություն։
Եթե մենք ուզում ենք Հայաստանում զարգացնել ոչ միայն հումքի կամ կիսաֆաբրիկատի, այլև բարձր ավելացված արժեք ունեցող վերջնական արտադրանքի արտադրությունը, ապա այդ արտադրանքը պետք է ունենա իր ամբողջական ինքնությունը՝ ֆիզիկական և թվային։
Հենց այս տրամաբանությամբ էլ այժմ աշխատում ենք թանկարժեք մետաղներից և քարերից զարդերի արտադրության ոլորտում հետագծելիության լուծումների ուղղությամբ։
Մեր նպատակը պարզապես ևս մեկ կոդ կամ ևս մեկ հաշվետվության մեխանիզմ ստեղծելը չէ։
Նպատակն ավելի մեծ է՝ Հայաստանում արտադրվող ապրանքը դարձնել ճանաչելի, ստուգելի և վստահելի՝ իր ամբողջ արժեքային շղթայի ընթացքում։
Արդյունաբերության թվայնացումը հենց սա է՝ երբ թվային տեխնոլոգիան դառնում է ոչ թե հավելում արտադրությանը, այլ արտադրանքի արժեքի, վստահության և մրցունակության մաս։
Քար առ քար կառուցենք ապագան։
Ես հավատում եմ մեզ։
