Ambion.news-ը պատրաստվում է բողոքարկել Փաստաբանների պալատի որոշումը․ «Պայքարելու ենք արդարության համար»
Ambion.news-ը պատրաստվում է իրավական կարգով բողոքարկել ՀՀ Փաստաբանների պալատի կողմից կայացված որոշումը՝ համարելով, որ տվյալ իրավիճակում անհրաժեշտ է ամբողջական և օբյեկտիվ գնահատական տալ փաստաբանի և վստահորդի հարաբերություններին։
Ambion.news-ի դիրքորոշմամբ՝ փաստաբանի հիմնական առաքելությունը վստահորդի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն է։ ՀՀ «Փաստաբանության մասին» օրենքը փաստաբանին պարտավորեցնում է ազնվորեն և բարեխղճորեն պաշտպանել վստահորդի իրավունքներն ու օրինական շահերը օրենքով չարգելված բոլոր միջոցներով և եղանակներով։
«Վստահորդը փաստաբանին վճարում է հենց իր շահերը պաշտպանելու համար։ Անգամ այն դեպքում, երբ վստահորդի դեմ առկա են մեղադրանքներ կամ որևէ իրավական խնդիր, փաստաբանի գործառույթը նրան իրավական պաշտպանություն ապահովելն է, այլ ոչ թե առանց վստահորդի հետ հարցը մանրամասն քննարկելու՝ նրա դեմ դիրքորոշում ձևավորելը կամ հաղորդում ներկայացնելը»,- նշում են Ambion.news-ից։
Կազմակերպության համոզմամբ՝ հատկապես կարևոր է պարզել՝ արդյոք փաստաբանը մինչև որևէ գործողություն կատարելը պատշաճ կերպով քննարկե՞լ է իրավիճակը իր վստահորդի հետ, ներկայացրե՞լ է հնարավոր իրավական հետևանքները և գործե՞լ է բացառապես վստահորդի օրինական շահերից ելնելով։
Փաստաբանի վարքագծի կանոնները ևս շեշտադրում են վստահորդի շահերի պաշտպանության, անկախության և մասնագիտական գաղտնիքի պահպանման կարևորությունը։
Ambion.news-ը նաև բարձրացնում է փաստաբանական ծառայությունների ձևակերպման և համապատասխան պայմանագրային հարաբերությունների հարցը՝ նշելով, որ եթե կողմերի միջև փաստաբանական ծառայության վերաբերյալ պայմանավորվածություն եղել է դեռևս հուլիսին, ապա մինչև դեկտեմբեր ժամանակահատվածում հնարավոր էր անհրաժեշտ փաստաթղթավորումը պատշաճ ձևակերպել։ Այս հարցի իրավական գնահատականը, սակայն, պետք է տրվի փաստաթղթերի և փաստերի ամբողջական ուսումնասիրությունից հետո։
«Մենք չենք պատրաստվում կանգ առնել այստեղ։ Բողոքարկելու ենք որոշումը օրենքով սահմանված կարգով և օգտագործելու ենք մեր տրամադրության տակ եղած բոլոր իրավական հնարավորությունները։ Մեզ համար սա միայն մեկ որոշման հարց չէ․ սա վստահորդի իրավունքների, փաստաբանական պատասխանատվության և արդարության հարց է։ Մինչև վերջ հասնելու ենք ճշմարտությանը և պայքարելու ենք բոլոր հնարավոր օրինական եղանակներով»,- նշում է Ambion.news-ը։
Ambion.news-ը հայտնում է, որ շարունակելու է գործընթացը իրավական բոլոր հարթակներում և հանրությանը կներկայացնի հետագա զարգացումները՝ փաստաթղթավորված և ստուգելի տեղեկությունների հիման վրա։
