«Տարիներ շարունակ եկել, նկարել են, մտածել ենք՝ ցուցակում կանք»․ Ստեփանավանում երկրաշարժից տուժած ընտանիքը բնակարանային անորոշության մեջ է
Ստեփանավանում երկրաշարժից տուժած ընտանիքներից մեկը հայտնվել է փակուղում․ տարիներ շարունակ համայնքապետարանի աշխատակիցներն այցելել են, լուսանկարել բնակարանն ու խոստումներ տվել, սակայն այսօր քաղաքաշինության պատասխանատուները պնդում են, որ ընտանիքն ընդհանրապես հաշվառված չէ բնակարանային ապահովման ցուցակներում։
Աղետից հետո ընտանիքին տրամադրվել է միայն փոքր աջակցություն՝ կոսմետիկ վերանորոգման համար։ Սակայն ժամանակի ընթացքում շենքի տեխնիկական վիճակն ավելի է վատթարացել, իսկ կառույցի քայքայումը խորացել է՝ ստեղծելով անվտանգային լուրջ խնդիրներ։
«Մենք մտածել ենք, որ ցանկի մեջ կանք, անընդհատ եկել են համայնքապետարանից, նկարել են։ Դիմումներ ենք գրել 2008-ին, 2015-ին, բայց պատճենները չենք պահել։ Այսօր արդեն Քաղաքաշինության կոմիտեից մեզ ասում են, որ ցուցակներում ընդհանրապես չկանք, իսկ համայնքապետարանից էլ պարզապես պատասխանող չկա․ ասում են՝ նոր ծրագիր չկա, որ ձեզ ներառենք»,- հավելում է բնակիչը։
Ստացվում է՝ տարիների ընթացքում ներկայացված դիմումներն ու պաշտոնյաների հաճախակի այցելությունները ոչ այլ ինչ էին, քան ձևականություն, իսկ քաղաքացիները, վստահելով տեղական իշխանությունների խոստումներին, չեն պահպանել դիմումների պատճենները։ Արդյունքում՝ վթարային ու քայքայվող տանը բնակվող ընտանիքն այսօր կանգնած է անորոշության առջև՝ զրկված պետական աջակցության որևէ իրական հեռանկարից։
Արամ Դավթյան
