Ավետիք Չալաբյանի կինը՝ «Նրա հետ շփումը ամբողջությամբ սահմանափակված է»
Ավետիք Չալաբյանը կալանքի տակ է գտնվում արդեն շուրջ 50 օր։ Նրա կինը՝ Աննա Ադամյանը, նշել է, որ ընտանիքը հնարավորություն չունի տեսակցելու կամ անմիջականորեն շփվելու նրա հետ։
Նրա խոսքով՝ Չալաբյանի հետ կապը հիմնականում փաստաբանների միջոցով է, իսկ ինքը նրա հետ հեռախոսով օրական մի քանի րոպե է խոսում։
«Իր հետ շփումը ամբողջությամբ սահմանափակված է։ Մենք նրան տեսակցելու հնարավորություն չունենք՝ ոչ ընտանիքը, ոչ մյուսները։ Նրա հետ շփվում են փաստաբանները՝ քրեական գործի շրջանակում հանդիպումների ժամանակ։ Ինձ հետ հեռախոսային կապը օրական մի քանի րոպե է՝ բանտի տաքսոֆոններով։ Չորս հեռախոսից մոտ 30 մարդ հերթով օգտվում է, որպեսզի կարողանա կապ հաստատել ընտանիքի հետ»,- ասել է Ադամյանը։
Նրա տեղեկություններով՝ Չալաբյանն ունի առողջական խնդիրներ և պարբերաբար բժշկական հսկողության կարիք ունի։
«Նա առողջական խնդիրներ ունի, որոնք պետք է անընդհատ հսկողության տակ լինեն։ Անալիզներ է հանձնում, որոշակի բժշկական պրոցեդուրաներ է անցնում։ Խոսքը սրտաբանական խնդիրների մասին է, բայց չեմ ուզում մանրամասները ներկայացնել։ Այս պահին, կարծես թե, շատ լուրջ խնդիրներ չունենք, բայց նա պետք է մշտապես հսկողության տակ լինի»,- նշել է Չալաբյանի կինը։
Նրա խոսքով՝ Չալաբյանը պահվում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Նա նշել է, որ նույն խցում չորս մարդ է պահվում, և նրանք օրվա մեծ մասն անցկացնում են փակ տարածքում։
«Մոտ 12 քմ սենյակում չորս հոգի են գտնվում։ Նրանք այնտեղ են օրվա 24 ժամվա ընթացքում, բացառությամբ մեկ ժամվա զբոսանքի։ Այդ մեկ ժամվա ընթացքում կարող են դուրս գալ, զանգահարել և զբոսնել փոքր տարածքում։ Սպորտով զբաղվելու հնարավորություն, ըստ էության, չկա։ Խցում գտնվող մյուս մարդիկ ծխում են, և կարելի է պատկերացնել, թե ինչ պայմաններ են այնտեղ»,- ասել է նա։
