Երեխային պաշտպանելու լավագույն ճանապարհը երբեմն մորը ժամանակին փրկելն է.Անուշիկ Հարությունյան

Անուշիկ Հարությունյանը իր ֆեսբուքյան էջում գրում է.

«Ինչպե՞ս կարող էր մայրը թողնել իր երեխային»։ Հաջորդաբար հայհոյանքներ ու անեծքներ են ուղղվում մոր հասցեին։ Հետո՞։
Երեխան այլ ծնող չունի՞։ Եթե հայրը իր տեղում լիներ, մայրը կանե՞ր նման բան։ Կամ գուցե էնպիսի բան է պատահել, որ մեր մտքով էլ չի անցնում։

Գուցե ճիշտ կլինի այլ կողմից էլ նայել։ Այդ կինը մենակ է՞ր մնացել իր վախի, ամոթի ու անորոշության հետ, թե՞ գոնե մի հոգի աջակցող ուներ։
Եթե նա հղիության ընթացքում կամ ծննդաբերությունից հետո ունենար անվտանգ մարդ, կառույց, ուր կարող էր դիմել, եթե նա վախեցած չլիներ հանրային պարսավանքից, եթե իմանար, որ երեխային ծննդաբերելուց հետո ունի աջակցություն, անվտանգ տեղ, սոցիալական ու հոգեբանական օգնություն, եթե վստահ լիներ, որ իր վիճակի մասին խոսելու համար իրեն չեն նվաստացնի, որքանո՞վ է հավանական, որ կաներ նման բան, եթե իհարկե ինքն է արել։
Շատ դեպքերում մարդը չի հրաժարվում երեխայից, որովհետև չի սիրում նրան։
Մարդը կարող է փախչել վախից, ճնշումից, անօգնականությունից ու այն զգացումից, որ այլ ելք չունի։

Եվ սա չի նշանակում, որ երեխային լքելն ընդունելի է։ Նորածինը մեղավոր չէ և ունի պաշտպանության իրավունք։
Բայց եթե ուզում ենք, որ նման դեպքեր ավելի քիչ լինեն, կամ չլինեն, պետք է ոչ միայն դատապարտենք արդեն տեղի ունեցածը, այլև ստեղծենք համակարգ, որտեղ կինը չվախենա օգնություն խնդրել, չվախենա խայտառակությունից։

Երեխային փրկելու ամենաարդյունավետ ճանապարհը մորը փրկելն է՝ մինչև նա ստիպված լինի ընտրություն անել, որի հետևանքները կարող են անդառնալի լինել։

Աջակցությունը շքեղություն չէ։ Երբեմն դա երեխայի կյանքի և մոր կյանքի միջև եղած տարբերությունն է։

Share This