Ինքնակամ կառույցների օրինականացման կարգը կփոխվի․ ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին
Ինքնակամ կառույցների օրինականացման համար արդեն իսկ գործող իրավակարգավորումները կընդլայնվեն. միաժամանակ ավելի խիստ պահանջներ կսահմանվեն
#օրենսդրական
#կադաստր
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը առաջին ընթերցմամբ ներկայացրել է ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Քաղաքացիական օրենսգրքում 2021 թվականին կատարված փոփոխությունների համաձայն՝ սահմանվել էր որոշակի ժամկետ՝ մինչեւ օրենքի փոփոխությունը կառուցված ինքնակամ կառույցների համար հաշվառվելու եւ օրիանականացման դիմելու համար:
Նույն ժամանակահատվածում օրենսդիրը սահմանել էր նաեւ, որ բոլոր այն ինքնակամ կառույցները, որոնք կկառուցվեն օրենքի փոփոխությունից հետո, այլեւս օրինականացման ենթակա չեն լինի: Գործնականում ի հայտ եկած այդպիսի բազում խնդիրների լուծման ու ինքնակամ կառույցների օրինականացման համար արդեն իսկ գործող իրավակարգավորումները կընդլայնվեն՝ միաժամանակ ավելի խիստ պահանջներ սահմանելով:
Զեկուցողի խոսքով՝ օրենքի ընդունումից հետո կառուցված ինքնակամ առանձին կառույցների նկատմամբ գործող օրենսդրությամբ օրինականացման հնարավորության բացակայությունը ոչ բոլոր դեպքերում է բխում հանրային շահից:
Մասնավորապես, առկա են դեպքեր, երբ նման կառույցների քանդումը կարող է հանգեցնել արդեն իսկ ստեղծված տնտեսական եւ սոցիալական արժեքի կորստի, մինչդեռ դրանց օրինականացումը՝ համապատասխան պահանջների պահպանման պայմաններում, կնպաստի գույքի իրավական կարգավիճակի հստակեցմանը, տնտեսական շրջանառության ընդլայնմանը, հարկային եւ տեղական բյուջեների եկամուտների ավելացմանը, ինչպես նաեւ անշարժ գույքի հաշվառման համակարգի ամբողջականության ապահովմանը:
Հանձնաժողովը նախագծերի փաթեթին տվել է դրական եզրակացություն:
Մանրամասները👇
http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=23947&year=2026&month=07&day=01&lang=arm
