Հունիսի 17-ը Անապատացման և երաշտի դեմ պայքարի միջազգային օրն է

Այս օրը հիշեցնում է, որ հողը պարզապես բնական ռեսուրս չէ․ այն մեր պարենային անվտանգության, կենսաբազմազանության, ջրային պաշարների և համայնքների բարեկեցության հիմքն է։

 

1994 թվականի այս օրը ընդունվել է ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիան, որի անդամ պետությունները, այդ թվում՝ Հայաստանը, հանձնառություն են ստանձնել մինչև 2030 թվականը հասնել հողերի դեգրադացիայի չեզոքացման։

 

Այս տարվա կարգախոսն է՝ «Արոտավայրեր․ ճանաչել, հարգել, վերականգնել»։

 

Արոտավայրերը կարևոր դեր ունեն կլիմայական փոփոխություններին դիմակայելու, կենսաբազմազանությունը պահպանելու և գյուղական համայնքների կենսամիջոցներն ապահովելու գործում։ Սակայն կլիմայի փոփոխության, հողերի դեգրադացիայի և ոչ կայուն հողօգտագործման հետևանքով դրանք այսօր լուրջ մարտահրավերների առջև են կանգնած։

 

Հայաստանի համար հողերի պահպանությունն ու վերականգնումը բնապահպանական քաղաքականության առաջնահերթ ուղղություններից է։ Միջազգային գործընկերների աջակցությամբ և պետական համաֆինանսավորմամբ մեր երկրում իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնք միտված են հողերի դեգրադացիայի կանխմանը, դեգրադացված տարածքների վերականգնմանը, կենսաբազմազանության պահպանությանը և համայնքների կլիմայական դիմակայունության բարձրացմանը։

 

Համոզված եմ, որ առողջ հողերի պահպանությունը ոչ միայն բնապահպանական, այլև սոցիալ-տնտեսական զարգացման կարևոր նախապայման է։

Մեր ընդհանուր պատասխանատվությունն է ճանաչել, հարգել և վերականգնել այն բնական համակարգերը, որոնցից կախված է մեր ապագան։

Share This