ԿԳՄՍՆ-ն հայտնում է՝ ուսումնական հաստատություններում քարոզչության խախտումների վերաբերյալ ահազանգերը քննության են ուղարկվում
ՀՀ ԱԺ ընտրություններին նախընթաց նախընտրական քարոզարշավի մեկնարկից սկսած` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ստանում է ահազանգեր դպրոցների մանկավարժների, աշխատակազմի, սովորողների կողմից աշխատանքային ժամերին և դասերի ընթացքում քարոզարշավին մասնակցության վերաբերյալ, ուսումնական հաստատություններում քարոզչության արգելքի խախտման հետ կապված։ Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից․
Բոլոր ահազանգերը նախարարությունը համապատասխան ընթացակարգով ուղարկում է նաև իրավապահ մարմիններին՝ քննություն իրականացնելու նպատակով:
Նախարարությունը կարևորում է կրթական հաստատությունների ապաքաղաքականացված գործունեությունը և վերահաստատում է, որ ուսումնական հաստատությունները պետք է գործեն քաղաքական գործընթացներից զերծ, ապահովեն կրթության անաչառ և չեզոք միջավայր, իսկ նմանատիպ դեպքերը գտնվում են խիստ վերահսկողության ներքո, և ցանկացած նմանատիպ դրսևորում ենթակա է լինելու պատշաճ արձագանքի և իրավական հետևանքների»,- նշվում է հաղորդագրության մեջ
