Շիրակի մարզպետը ընդունել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ)՝ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելության ներկայացուցիչներին, որոնք աշխատելու են Շիրակի մարզում։
💬Ողջունելով դիտորդներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նրանց ներկայությունը և դիտորդական առաքելության դերն այս ընտրություններում․«Մեր երկրի համար չափազանց կարևոր ժամանակահատվածում եք դուք Հայաստանում և մեզ համար, որպես գործող իշխանություն, առաջնային նշանակություն ունի ընտրությունների արդար, թափանցիկ և օրենքի պահանջներին համապատասխան անցկացումը, քանի որ 2018 թվականից հետո Հայաստանում բոլոր ընտրությունները կազմակերպվել և անցկացվել են միմիայն օրենքի տիրույթում։ Որպես Շիրակի մարզպետ, վստահեցնում եմ, որ գործադրվելու են բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ բացառելու ցանկացած խախտում և ապահովելու քաղաքացիների ազատ կամարտահայտությունը։ Միաժամանակ ցանկանում եմ ընդգծել, որ մեր երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և հենց ժողովուրդն է այն ուժը, որը չի հանդուրժի որևէ անօրինականություն կամ խախտում ընտրական գործընթացներում։ Մենք բաց ենք ձեր բոլոր դիտողությունների և առաջարկների համար և համոզված ենք, որ համատեղ աշխատանքի շնորհիվ կկարողանանք հասնել ցանկալի արդյունքի։ Տեսլականը հստակ է՝ կազմակերպել բացառապես արդար ընտրություններ և ունենալ լիարժեք ինքնիշխան, ժողովրդավարական պետություն, որի կայացման համար արվում է հնարավոր ամեն ինչ»։
💬Դիտորդական առաքելության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել Դավիթ Առուշանյանին անմիջական ու ջերմ ընդունելության համար՝ կարևորելով մարզպետի պատրաստակամությունը նախընտրական ու ընտրական գործընթացներում խախտումներ թույլ չտալու հարցում։
🔻Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզում ընտրական գործընթացի կազմակերպմանն առընչվող այլ հարցր ևս։
