Ավելի վաղ սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որում 19-ամյա երիտասարդը Մյասնիկյան պողոտայում անկանոն վարում է իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, վազանց է կատարում չթույլատրված հատվածներում ու բախվում ավտոբուսին։ Ամբողջ ընթացքը նկարում է նրա կողքին նստած ընկերը։ Դրանից հետո ևս մեկ տեսանյութ տարածվեց համացանցում, թե ինչպես է 19-ամյա վարորդը դիտում իր մասնակցությամբ վթարի տեսանյութն ու զվարճանում։
Երևանում ավտոբուսի վթարի գործով 19-ամյա վարորդին մեղադրանք է առաջադրվել
Երևանի Մյասնիկյան պողոտայում ավտոբուսին բախված ավտոմեքենայի 19-ամյա վարորդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 3 հոդվածով։ Ambion.news-ին այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։
«Դատախազն այսօր հանրային քրեական հետապնդում է հարուցել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) 1-ին մասով, 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 2-րդ մասի 3-րդ կետով և 344-րդ հոդվածի (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը) 1-ին մասով»,- հայտնում են դատախազությունից։
