Գյումրու թիվ 9 դպրոցում անցկացվել է ուսուցողական դաս՝ նվիրված կլոնավորման թեմային

Գյումրու թիվ 9 դպրոցում IX/ա դասարանում կազմակերպվել է հետաքրքիր և ուսուցողական դաս՝ նվիրված «Կլոնավորում» թեմային։ Դասը համադրված էր ժամանակակից գիտության կարևորագույն ուղղություններից մեկի՝ կլոնավորման ուսումնասիրմանը։

Դասի ընթացքում աշակերտները ծանոթացել են կլոնավորման էությանը, դրա կիրառություններին և գիտական նշանակությանը։ Քննարկվել են նաև թեմային առնչվող էթիկական հարցեր՝ արդյոք հնարավոր է լիարժեք կիրառել այս տեխնոլոգիան, ինչպես նաև ինչ օգուտներ և վտանգներ այն կարող է ունենալ մարդկության համար։

Տեսողական նյութերի և պատկերազարդ ներկայացումների միջոցով ներկայացվել է ԴՆԹ-ի կառուցվածքը և դրա դերը կլոնավորման գործընթացում։ Աշակերտները ակտիվորեն մասնակցել են քննարկումներին, արտահայտել իրենց կարծիքներն ու վերլուծել թեման տարբեր տեսանկյուններից։ Նշվում է, որ աշխատանքներն իրականացվել են «Աշխարհացույց» հարթակում։

Դասը անցել է հետաքրքիր և մտածելու տեղիք տվող մթնոլորտում՝ նպաստելով աշակերտների գիտական մտածողության, վերլուծական ունակությունների և հետազոտական հետաքրքրության զարգացմանը։

Դպրոցական համայնքը շնորհակալություն է հայտնել սկսնակ ուսուցչուհի Նազելի Սահակյանին՝ բովանդակալից և ուսանելի դասի կազմակերպման համար։

Share This