Միքայել Մելքումյանը քննադատել է FIP-ին՝ պնդելով, որ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը ճիշտ է
FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել: Այս մասին ասել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը՝ հակադարձելով FIP-ի հրապարակմանը:
Խոսքը վերաբերում է փաստերի ստուգման հարթակի՝ Գագիկ Ծառուկյանի հնչեցրած թվերի վերաբերյալ հրապարակմանը: Մարզային այցելություններից մեկում ԲՀԿ նախագահն ասել էր՝ Ռուսաստանից ամսական 150-180 միլիոն դոլար տրանսֆեր է գալիս Հայաստան:
Ըստ FIP-ի՝ Ծառուկյանի ներկայացրած տվյալները ճշգրիտ չեն: Հոդվածում մասնավորապես նշվում է, որ հայ միգրանտներից ընտանիքներին ուղարկվող գումարի ամսական չափը վերջին 26 ամիսներին մի քանի անգամ փոքր է հայտարարված ցուցանիշից և չի հատում 40 միլիոն դոլարի սահմանը։
«Փաստերի ստուգման հարթակը կոպտագույն սխալ է թույլ տվել, ինչ-որ մի աղբյուրից թիվ է վերցրել ու ասել՝ այս թիվը այսքան է, դա իրականության հետ որևէ աղերս չի կարող ունենալ: Չի կարելի փաստերի ստուգման հարթակ հանդիսանալ և չստուգված, մերկապարանոց հայտարարություն անել և փորձել թյուրիմացություն ստեղծել ամբողջ հասարակության համար։ Մասնագիտական գնահատականս այն է, որ պարոն Ծառուկյանը շատ ճիշտ նպատակակետին է ասել, մի բան էլ քիչ է ասել»,- նշել է նա:
Մելքումյանը շեշտում է՝ պատրաստ է բանավիճել ցանկացած մասնագետի հետ և հիմնավորել իր ներկայացրած հաշվարկներն ու մասնագիտական վերլուծություն ներկայացնել, իսկ փաստերի ստուգման հարթակին կոչ է անում չմոլորեցնել հանրությանն ու հրապարակման հիմքում մասնագիտական հաշվարկներ և փաստարկներ ներկայացնել։
