Անչափահասների արդարադատության խորհրդում քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության և բարեփոխումների նոր քայլերը

Արդարադատության նախարարի տեղակալ, Անչափահասների արդարադատության խորհրդի նախագահ Աննա Կարապետյանը բացման խոսքով հանդես է եկել Անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստին։
Իր խոսքում նախարարի տեղակալն ընդգծել է անչափահասների արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումների շարունակականության, երեխայակենտրոն մոտեցման ամրապնդման կարևորությունը, ինչպես նաև անդրադարձ է կատարել նախարարության կողմից իրականացվող վերջին բարեփոխումներին։ Նախարարի տեղակալը խոսել է նաև Խորհրդի անդամների կողմից նախապես բարձրացված հարցերի ուղղությամբ իրականացվող քայլերի, այդ թվում՝ Բարնահուսի մոդելի վերաբերյալ օրենսդրական նախագծի, արդարադատության նախարարին կից երիտասարդական խորհուրդի ձևավորման և գործունեության ընթացքի, ինչպես նաև երեխայի միջազգային առևանգումների ոլորտում ներպետական օրենսդրության կատարելագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին:
Նիստի օրակարգում ընդգրկված են եղել ոլորտի համար առանցքային մի շարք հարցեր։ Քննարկվել է անչափահասների նկատմամբ մարմնական պատիժների համար քրեական պատասխանատվության սահմանման հարցը՝ շեշտադրելով երեխաների նկատմամբ բռնության բոլոր ձևերի կանխարգելման անհրաժեշտությունը և միջազգային չափանիշներին համահունչ իրավական կարգավորումների ձևավորումը։
Նիստի շրջանակում ակտիվ մասնակցություն են ունեցել նաև երիտասարդները՝ այս անգամ Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողները։ Նրանք ներկայացրել են «Բուլինգը անչափահասների շրջանում․ թմրանյութերի օգտագործումը որպես բուլինգի չհաղթահարման հետևանք» թեմայով իրենց կողմից իրականացված հետազոտությունը՝ կարևորելով կանխարգելիչ ու աջակցող կառուցակարգերի զարգացումը։
Նախանշվել են առաջիկա քայլերը՝ ուղղված անչափահասների արդարադատության համակարգի շարունակական զարգացմանը, երեխաների իրավունքների պաշտպանության ամրապնդմանը և ոլորտային քաղաքականությունների արդյունավետ իրականացմանը։

Share This