Նազիկ Ավդալյանի հիմնադրամը մարզագույք է նվիրել «Սևան» ՔԿՀ-ին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի հիմնադիր Նազիկ Ավդալյանն այցելել են «Սևան» քրեակատարողական հիմնարկ: «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը «Սևան» քրեակատարողական հիմնարկին է նվիրել մարզական գույք և պարագաներ:
Նախարար Սրբուհի Գալյանը շնորհակալություն է հայտնել և կարևորել ազատությունից զրկված անձանց համար առողջ զբաղվածության ապահովման հարցը։ Նազիկ Ավդալյանը ծանոթացել է «Սևան» ՔԿՀ-ի մարզասրահային պայմաններին՝ ընդգծելով ազատությունից զրկված անձանց վերասոցիալականացման կարևորությունն ու ապահովումը:
Քննարկվել են նաև մի շարք հարցեր, որոնք վերաբերում են դատապարտյալների պահման պայմաններին, նրանց առողջ ապրելակերպի ապահովմանը:
Ներկաները շրջայց են կատարել «Սևան» ՔԿՀ-ի զոդման և կահույքագործության ուսումնաարտադրական տարածքներում և համակարգչային դասասենյակում։
Ընդհանուր առմամբ հիմնադրամը քրեակատարողական հիմնարկներին նվիրաբերել է 15 տեսակ 192 միավոր մարզագույք, ինչպես նաև մեկ բազմաֆունկցիոնալ մարզասարք, որը տեղադրվել է «Սևան» քրեակատարողական հիմնարկում։
Այցի ընթացքում քրեակատարողական ծառայության և «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ ուղղված ազատությունից զրկված անձանց վերասոցիալականացման արդյունավետության բարձրացմանը։
