«Պատրաստված է Ռուսաստանում»․ բրիտանացի իրավաբանը վերակենդանացրել է խորհրդային շրջանի ամենահայտնի ժամացույցների արտադրությունը
Երբ Դեյվիդ Հենդերսոն-Սթյուարտն առաջին անգամ այցելեց Ռուսաստանում գտնվող «Ռակետա» ժամացույցների գործարան, վինտաժային սարքավորումների մոտ տեսավ գործարանի մի քանի աշխատակիցների՝ ձմեռային վերարկուներով կուչ եկած աշխատելիս․ գրում է Reuters գործակալությունը։
Բրիտանացի նախկին փաստաբանը ժամացույցներից ոչինչ չէր հասկանում, սակայն խորհրդային դիզայնի նկատմամբ սիրո շնորհիվ նա ներուժ տեսավ այս դժվար վիճակում գտնվող ձեռնարկությունում․ ընկերություն, որտեղ մի ժամանակ աշխատում էր 7000 մարդ և որտեղ ժամացույցներ էին արտադրվում նույնիսկ տիեզերագնացների համար։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այժմ կրում է ժամացույց, որը պատրաստել է այս ընկերության մասնաճյուղը՝ Imperial Peterhof Factory-ն։
«Արևմուտքում երբեք չէի գտնի «Ռակետա»-ի նման հետաքրքիր բան», – ասել է Հենդերսոն-Սթյուարտը, որը ժամացույց չէր կրում մինչև 2010 թվականը, երբ գործընկերոջ հետ ստանձնեց Սանկտ Պետերբուրգից դուրս գտնվող գործարանի կառավարումը։
Նրա ղեկավարության ներքո «Ռակետա»-ն սկսեց արտադրել բարձրակարգ ժամացույցներ։ Արտադրության համար գործարանի 200-ից ավելի աշխատակիցներն օգտագործում են վերանորոգված սարքավորումներ՝ շարունակելով բոլոր մեխանիկական մասերը տեղում արտադրելու հազվագյուտ պրակտիկան:
«Ռակետա»-ն մեծ պահանջարկ ստացավ 2022 թվականին, երբ ՌԴ նախագահին նկատեցին իր Imperial Peterhof Factory ժամացույցը կրելիս։ Որոշ տեղական լրատվամիջոցներ դա մեկնաբանեցին որպես Ուկրաինա ներխուժումից հետո ներքին արտադրությանը թափ հաղորդելու ազդանշան։
