Անձրևները կրկին բացահայտեցին Երևանի հեղեղատարների խնդիրները
Երևանում հեղեղատարների անանցանելիության հետևանքով անձրևներից առաջացած հերթական հեղեղներն են այսօր. դարձալ անձրևաջրերի մեջ մնացած ավտոմեքենաներ, խոշոր խցանումներ ճանապարհներին։ Եվ սա դարձել է սովորական երևույթ, հասարակությունը կարծես համակերպվել է օրանգուտանակերպ քաղաքային կառավարման հետ, իսկ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք պարզապես իրենց անհագ կոռուպցիոն «ախորժակն» են բավարարում՝ անկախ իրենց հասցեին հնչեցվող հայհոյանքների քանակից ու բնույթից։ Արդեն երկու տարուց ավելին խոսում եմ Երևանի շինհրապարակներում ապօրինի տեղադրված՝ շրջապատի կյանքի և առողջության համար վտանգ ներկայացնող բետոնհանգույցների մասին, ինչպիսիք չկան աշխարհի ոչ մի այլ քաղաքում։ Դրանց ապօրինի լինելն ու վտանգավորությունը հաստատել են նաև քաղաքաշինության կոմիտեն, տեսչական մարմինը, սակայն Երևանի քաղաքապետարանը, կառուցապատողներից ունեցած կոռուպցիոն կախվածության արդյունքում, բավարարվում է ձևական ու անհետևանք վարչական վարույթներ հարուցելով, իսկ ապօրինի բետոնհանգույցները մնում են տեղերում, որոնց արտանետումներն ու քիմիական հետևանքները, առողջապահական խնդիրներ հարուցելուց բացի, նաև խցանում են քաղաքի բոլոր հեղեղատարները, ինչի մասին քաջատեղյակ են նաև քաղաքապետարանում, բայց սեփական շահը, ինչպես միշտ, վեր են դասում բնակիչների առողջությունից, նյութական կորուստներից և հարմարավետությունից։
