Տնտեսական ուժեղացում՝ համայնքներից սկսած
Այսօր հանդիպել եմ Միգրացիայի միջազգային կազմակերպություն (ՄՄԿ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին՝ ծրագրերի համակարգողներ Արեգ Բադալյանին և Վահե Դարբինյանին։
Քննարկել ենք 2024 թվականից ՄՄԿ հայաստանյան գրասենյակի կողմից մեկնարկած «Խոցելի համայնքներում կենսապահովման և տնտեսական կենսունակության խթանում» ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները։ Ծրագիրն իրականացվել է Ախուրյան, Արթիկ և Ամասիա համայնքներում։
Ախուրյան և Ամասիա համայնքներին տրամադրվել են ագրոդրոններ, իսկ Արթիկ համայնքին՝ մի քանի միավոր այլ գյուղտեխնիկա։ Բացի այդ, կազմակերպությունը բիզնես բաղադրիչով մեկնարկել է միկրոդրամաշնորհների հայտերի ընդունում՝ նպատակ ունենալով աջակցել խոցելի իրավիճակում գտնվող անձանց՝ զարգացնելու իրենց տնտեսական գործունեությունը և բարձրացնելու տնտեսական դիմակայունությունը։
Այս ծրագիրը կարևոր նախաձեռնություն է, որը միտված է մեր խոցելի խմբերի հզորացմանը և նրանց տնտեսական դիմակայունության բարձրացմանը։ Համոզված եմ, որ նման ծրագրերը նպաստում են ոչ միայն անհատների, այլև ամբողջ համայնքների կայուն զարգացմանը:
