Նախաձեռնվել է 3534 քրեական վարույթ․ ամփոփում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 11-ին ամփոփվել են Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության 2025 թվականի աշխատանքները:

Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Հայկ Մանանդյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, վարչական շրջանի դատախազության դատախազները, այլք:

Հայկ Մանանդյանը, ներկայացնելով Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության 2025 թվականի աշխատանքների զեկուցագիրը, նշել է, որ 2025 թվականին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում նախաձեռնվել է 3534 քրեական վարույթ, որից Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում՝ 2447 (2024 թվականին՝ 2490 քրեական վարույթ), իսկ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում՝ 1087 (2024 թվականին՝ 1275 քրեական վարույթ):Հաշվետու ժամանակահատվածում դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 581 քրեական վարույթ՝ 609 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 582 քրեական վարույթ՝ 627 անձի վերաբերյալ):

Դատարաններում ավարտվել է 556 քրեական գործ՝ 560 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 590 քրեական գործ՝ 599 անձի վերաբերյալ):

Հայկ Մանանդյանի տեղեկացմամբ, քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 17 միլիոն 697 հազար դրամ, որը նույն ժամանակահատվածում ամբողջությամբ վերականգնվել է:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի խոսքով՝ 2025 թվականին դատախազների կողմից 16  միջնորդագիր է ուղարկվել պետական մարմիններին՝ ուղղված հանցանքների պատճառների և պայմանների վերացման  ուղղությամբ միջոցներ ձեռնարկելուն:

Հաշվետու ժամանակահատվածում, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության 2 հայց է ներկայացվել իրավասու դատարան. հայցերն ընդունվել են դատարանի վարույթ:

Գլխավոր դատախազն Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազին և դատախազության դատախազներին տվել է մի շարք հանձնարարականներ՝ ուղղված զբոսայգիների տարածքներում օտարումների և վարձակալությունների, մանկապարտեզների շենքերի օտարումների, օրենքի խախտմամբ գործող բենզալցակայանների և գազալցակայանների վերաբերյալ պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում ուսումնասիրություններ իրականացնելուն և դատարան հայցեր ներկայացնելուն:

Share This