ՌԴ-ն հարգում է իր գործընկերներին ընտրելու ՀՀ ինքնիշխան իրավունքը, սակայն պետք է հաշվի առնել նաև ԵԱՏՄ-ին անդամակցության իրողությունները․ Կոպիրկին
Ռուսաստանը հարգում է Հայաստանի ինքնիշխան իրավունքը՝ ընտրելու իր գործընկերներին և ինտեգրացիոն վեկտորները, սակայն պետք է հաշվի առնել նաև Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության իրողությունները․ ինչպես հայտնում է ТАСС-ը, այդ մասին հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Դիվանագետը շեշտել է, որ Հայաստանի ղեկավարությունը չի թաքցրել Եվրամիության հետ մերձեցման հարցում իր շահագրգռվածությունը, ինչը, ի թիվս այլնի, արտացոլվում է Եվրամիությանը միանալու մասին օրենքում։
«Ի սկզբանե մեր հայ գործընկերներին ասվել էր, որ մենք ակնկալում ենք, որ հայ հանրությանը կներկայացվի առկա տնտեսական կախվածությունների և փոխկախվածությունների օբյեկտիվ պատկերը», – նշել է Կոպիրկինը։
Դիվանագետը հավելել է, որ ստեղծված պայմաններում դժվար է քննարկել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցությունը, չնայած այն հանգամանքին, որ երկրում ակտիվորեն ներդրվում են կազմակերպության չափանիշները։ Նա նաև կրկնել է, որ Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին և միաժամանակյա անդամակցությունը ԵԱՏՄ-ին անհամատեղելի են։ Կոպիրկինը հիշեցրել է, որ Հայաստանի ղեկավարությունն արդեն հայտարարել է, որ որոշակի պահի ստիպված կլինի ընտրություն կատարել, և հույս է հայտնել, որ այդ ընտրությունը «կկատարվի՝ հիմնվելով Հայաստանի և հայ ժողովրդի իրական շահերի վրա»։
Դեսպանն ընդգծել է ՝ առևտուրն ու ներդրումները շարունակում են մնալ ռուս-հայական հարաբերությունների կարևոր տարր։
«Մեր հարաբերությունների տնտեսական բաղադրիչը շարունակում է մնալ շատ կարևոր։ Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար առևտրատնտեսական և ներդրումային գործընկերը։ Ռուսական մասնակցությամբ ընկերությունները շատ կարևոր դեր են խաղում, կասեի՝ կարևորագույն դեր, Հայաստանի տնտեսությունում և ՀՀ առաջատար հարկ վճարողների շարքում են», – նշել է ռուս դիվանագետը։
Անդրադառնալով ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցությանը՝ դեսպանը նշել է, որ Հայաստանը և ՀԱՊԿ-ը կարող են համատեղ աշխատել՝ փոխզիջումային լուծումներ գտնելով Երևանի և ռազմական դաշինքի միջև առաջացած խնդրահարույց հարցերի շուրջ։
