Ադրբեջանը բողոք է հայտնել ՀՀ-ն ներկայացնող գեղասահորդների կողմից «Արցախ» ստեղծագործության համար
Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեն բողոք է հայտնել 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Նիկիտա Ռախմանինի և Կարինա Ակոպովայի կողմից մրցույթի ժամանակ «Արցախ» ստեղծագործության օգտագործման համար։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
«ՄՕԿ-ի պաշտոնյաներին տեղեկացվել է, որ «Արցախ» տերմինը արտացոլում է Հայաստանի կողմից Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ տարիներ շարունակ իրականացվող անօրինական և անջատողական քաղաքականության գաղափարախոսական էությունը։
Ադրբեջանի ԱՕԿ-ը հայտարարել է, որ նման գործողությունները վնասակար են Օլիմպիական խաղերի ոգուն, մարզական էթիկային և միջազգային մարզական համագործակցությանը, ինչպես նաև խաթարում են տարածաշրջանում խաղաղության և փոխադարձ վստահության մթնոլորտը»,- ասված է հայտարարության մեջ։
