Արտակարգ իրավիճակ է Շիրակի մարզ մի քանի կիլոմետրանոց՝ ձյան շերտից չմաքրված ճանապարհահատվածում
Այսօր՝ հունվարի 19-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եթե Երևանից մինչև Աշտարակ և Ագարակ ճանապարհն սպասարկող ընկերությունների կողմից ճանապարհից հեռացել է ձյունը, աղ ու ավազով մշակվել մերկասառույցը, ինչի շնորհիվ երթևեկությունն անցանելի է, ապա Ագարակից մինչև Շիրակի մարզ բարձիթողի վիճակ է։ Ճանապարհները հիշեցնում են ձմեռային մի աշխարհ, իսկ վարորդներն էլ կատակում են՝ ասելով, թե երևի մեր որոշ ճանշիններ էնքան են զարգացել, որ ճանապարհները ոչ թե արդեն ասֆալտապատում են, այլ սպիտակ սահադաշտեր են ստեղծում կամ էլ ձյունե ասֆալտ են անում։
Ակնհայտ երևում է, որ ճանապարհն սպասարկող ճանշինները մատը մատին չեն տվել և չեն փորձել անգամ ձյունը հեռացնել, ուր մնաց՝ վարորդները վստահ լինեն, թե աղ ու ավազի խառնուրդով կմշակեն։
Այս խնդիրը պետք է իր հսկողության տակ վերցնի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ու պարտավորեցնի իր նախարարության ենթակայության տակ գտնվող «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին ռեալ գործով զբաղվեն, ու գոնե գլխավոր ճանապարհները մաքրեն ձյան շերտից ու մերկասառույցից։ Այս խնդիրը պետք է անհանգստացնի նաև Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին և գուցե արդար կլիներ, եթե մարզպետը փոխմարզպետ Միլադա Հովհաննիսյանին այսպես ասած «գործուղի» Արագածոտնի մարզից դեպի Շիրակի մարզ նոր կառուցված Հյուսիս-հարավ ճանապարհ, ով սեփական մաշկի վրա կզգա, թե ինչպես են վարորդները կյանքի գնով երթևեկում։
Բարձիթողի վիճակում է նաև Կոշ գյուղ տանող գլխավոր ճանապարհը, որտեղ նույնպես ոչ մի տեխնիկա չի մտել ու ձնամաքրման աշխատանքներ չեն կատարվել։
